ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխան չունի

04/18/2016

Այս պահին ԵԽԽՎ-ում իր տարեկան հաշվետվությունն է ներկայացնում  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնեկսը, որին հարց է ուղղել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը, ով մասնավորապես,  հարցրել է. «Հարգելի հանձնակատար, ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման ողջ գծով՝ օգտագործելով իր կանոնավոր բանակը եւ ծանր հրետանի՝ խախտելով 1949  թվականի ժնեւյան կոնվենցիան, որը ենթադրում է քաղաքացիական անձանց պաշտպանություն՝ պատերազմի ընթացքում։ Դուք տեղեկացված եք, որ ազերի զինուժը թիրախավորել էր Մարտունիի եւ Մարտակերտի խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, դուք տեղեկացված եք այն սպանդից, որը ադրբեջանական զինուժը իրականացրել է Թալիշում՝ Խալափյանների  ընտանիքի հանդեպ, տեղյակ եք գլխատված եւ խոշտանգված զինվորների մասին, ինչը միջազգային իրավունքի խայտառակ ոտնահարում է։ Կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ»։ Ի պատասխան հայ պատգամավոր հարցի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասաց՝ «Ես հայտնել եմ իմ մտահոգությունը, որ  մարդիկ մահանում են այդ տարածաշրջանում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ այդ կոնֆլիկտը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի, պետք է  վերսկսել  բանակցությունները եւ առավել ակտիվ աշխատել Կարմիր  Խաչի հետ»: 

http://www.aravot.am