ԵԽԽՎ նիստում Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը

04/20/2015

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը, նշելով, որ որեւէ քաղաքական, կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից եւ որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Իսկ մինչ իր հիմնական ասելիքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները եւս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝ Այսօր նիստի մեկնարկին, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում։ Իսկ հիմա իմ հիմնական ասելիքը։ Հարգելի գործընկերներ,
3 օր անց Հայաստանի հոգեւոր կենտրոն սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը։ Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1.5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին, ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի։ Եւ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է։ Եւ պետք չէ համաշխարհային դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով։ Ոչ մի կարգի հաձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար։ Մտեք ցանկացած տուն Հայաստանում եւ Սփյուռքում ու գրեթե չեք գտնի մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը։ Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը։ Հարելի գործընկերներ, Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք հատուկ առաքելություն ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար։ Եւ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը։ Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից։ Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից։ Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Կամբոջիայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ոճիրները, նաեւ այն, ինչ այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում։ Երկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութողլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին։ Թուրք պաշտոնյաների հայացքում ո՛չ կարեկցանք կար, ո՛չ զղջում։ Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգեւորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր՝ «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետեւից՝ ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետեւից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի։ Երբ նրանք եկան արդեն իմ հետեւից, չկար որեւէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»։ Հարգելի գործընկերներ, մենք, դուք, լռելու իրավունք չունենք։