Եթե մեկը դեմ է ՀՕՊ համաձայնագրին, ես լուրջ մտահոգություն ունեմ». Ն. Զոհրաբյան

06/29/2016

 

 

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում շարունակեց քննարկել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը:

Մինչ այդ քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը: Այս ընթացքում ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները սկսեցին քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: Նրանք էին՝ ՀՀԿ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը, Արտակ Դավթյանը, Արկադի Համբարձումյանը, ԲՀԿ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Արշակ Մխիթարյանը:

Անցնելով քննարկվող բուն թեմային՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե այն նախագծերը, որոնք բերվել են ԱԺ, այլ լրիվ ուրիշ մի բան. «ՀՕՊ-ի հետ կապված փորձ արվեց տգեղ ձեւով մանիպուլացնել հասարակությանը, թե սա վտանգ է մեր անվտանգության համար: Երբ խնդիրները խառնվում են իրար, աջաբսանդալ է դառնում: Մինչդեռ իրականում այս համաձայնագրով առավել անվտանգ ենք դարձնում մեր օդային տարածքն ու իրավունք ենք ստանում առանց ՌԴ կողմին նախապես զգուշացնելու՝ օգտվելու մեր տարածքում գտնվող ռուսական բազայի կործանիչ տեխնիկայից: Եթե մեկը դեմ է այս համաձայնագրին, ես լուրջ մտահոգություն ունեմ նման մտածելակերպի նկատմամբ»:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝  կոչ անելով պատգամավորներին. «Եկեք երկու տոն ցածր խոսենք, քանի որ դա լավ է նաեւ առողջության համար: Կան նաեւ թեմաներ, որ լռակյացություն  են պահանջում, այլ ոչ թե բարձրաձայնություն: Քննարկումների արդյունքում մի բանը մի քանի անգամ կրկնվեց. մեր դպրոցներում անգամ այսպես չեն անում, որ մի բանը տասը անգամ կարդանք, որ պարզ դառնա: Մեր անկախությունը կամ ինքնուրույնությունը պաշտպանված են ու պահպանված, ու ՀՕՊ գործընթացները ենթարկվում են միմիայն մեր երկրի գլխավոր հրամանատարին: Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության երաշխավորության խնդրին, ապա այն մեր առաքելությունն է: Ի վերջո, մենք ստացանք մասնագիտական պատասխան, որ այս համաձայնագիրը չի տարվում ԼՂՀ օդային տարածքի վրա, ու ՀՀ-ն չի կորցնում իր հնարավորությունը՝ պահպանելու ԼՂՀ անվտանգությունը: Մեզ մնում է մի բան ասել, որ վստահում ենք մեր հրամանատարությանը եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը»:

 

http://www.a1plus.am/1468017.html