Եթե ՀԷՑ-ն արդեն շահույթով է աշխատում, ապա սակագները պետք է նվազեն. Միքայել Մելքումյան

03/14/2016

Եթե ՀԷՑ-ն արդեն շահույթով է աշխատում, ինչպես պնդում է Էներգետիկայի նախարարությունը, ապա սակագները պետք է նվազեն։ Այս մասին մարտի 14-ին՝ ՀԾԿՀ աշխատանքային պլանի քննարկման ժամանակ, խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Էկոնոմիկայի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ նշվում էր, որ 2013թ. ԱԷԿ-ը պլանավորված 45 օրվանից 88 օր ավել չի գործել, եւ ավելի էժան էներգիան ստիպված էինք փոխարինել ջերմայինով, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել ընդհանուր սակագինը։ «Իսկ ո՞ւր էր «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն, որը փող է ստանում էներգետիկ ընկերություններից եւ բյուջեից։ Չէ՞ որ ռիսկերը ժամանակին հաշվարկելը նրա խնդիրն է»,- ասել է Մելքումյանը։  Պատգամավորը նշել է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր» ընկերությունը հայտնել է, որ կորուստները նվազել են։

Ընդ որում, այդ մասին 2016թ. հունվարին ասաց այժմ արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանը։ «Նախկինում ՀԷՑ-ի կորուստները կազմում էին 12.9 տոկոս այն դեպքում, երբ նորմատիվը 11.2 տոկոս էր։ Հարգարժան նախարարը հայտնել էր, որ ՀԷՑ-ը կորուստները կրճատել է եւ արդեն 2-3 մլրդ դրամի եկամուտ է ստանում։ Նշանակում է, որ տրամաբանական կլիներ ենթադրել, որ սակագները պետք է նվազեն։ Կլինի դա, թե ոչ»,- հարցադրում է արել Մելքումյանը։

Դրան ի պատասպան՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ընկերությունը պակասեցրել է գերնորմատիվային կորուստները, որոնք վճարում էր սեփական եկամտից։ «Հիմա դրանք միայն մոտեցել են պլանային 11.2 տոկոսին։ Եթե հետագայում էլ պակասեն, ապա հնարավոր կլինի սակագինն իջեցնել»,- պարզաբանել է նա։

www.news.am