Եթե Կարեն Կարապետյանը արագաչափերը բերի բյուջե, կլինի արագ փոփոխություն. Լյովա Խաչատրյան

09/16/2016

Tert.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադարձավ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից սպասելիքներին և նրա այն հայտարարությանը, որ արագ փոփոխությունների չպետք է սպասել:

-Կարեն Կարապետյանից սպասելիքների մասին կարծեմ  ասել էիք` 2000 տարի սպասել ենք: Հիշում եք` ժամանակին մի կարգախոս կար` մի քիչ էլ համբերություն ու վերջ: Հիմա այդպե՞ս է:

-Ասել եմ, որ 2000 տարի առանց տենալ հավատացել ենք, այսինքն` ուղղափառ ենք եղել, հիմա պետք է կաթոլիկի պես պահենք մեզ: Հերիք ա: Պտի տեսնենք, պտի աչքներս տենա, որ հավատանք: Այ, երբ որ տեսնենք... Տեսեք. Կարեն Կարապետյանը շատ լավ մենեջեր էր, երբ ներկայացնում էր «Գազպրոմի» կորպորատիվ շահերը։ 300 միլիոնը տեսա՞ք ոնց տարան Հայաստանից, գազի գծերը տվեցին «Գազպրոմին»:  Եթե ինքը հիմա  իր` որպես վարչապետի, շահերը համարի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը և բյուջեն և այդ գումարները վերադարձնի, դա արդեն կլինի աչքի տեսած:

-Աչքի տեսածի մասով ասաց` կախարդական փայտիկ չունեմ, արագ փոփոխությունների մի սպասեք:

-Չեմ կարծում։ Իմ կարծիքով, արագ փոփոխություններ նշանակում է արագաչափերի կամ տեսախցիկների  փողերը բերել բյուջե: Դրա արագն ու դանդաղը ո՞րն ա: Կամ, եթե հայտարարի, որ ցանկացած քաղաքացի կարող է գնալ ու Ռուսաստանից շալակած մի քանի պարկ  բան բերել ու «տամոժնում» նրան չեն ասի`«էս թղթի էս մասը չկա», մեջը դեղ չեն գցի բռնեն: Բերի, անցնի՝ դա կլինի արագ փոփոխություն ու դրա համար ժամանակ պետք չէ:  Դրա համար ցանկություն է պետք և հրահանգ:   Եթե «չեկը» պահել ես, լավ, չէ՝ նույն բանի համար 6 անգամ տուգանում են, տանում են դնում են ջեբները: Կոռուպցիա է սա: 

-Կարեն Կարապետյանն ասաց, որ վատ է տնտեսության վիճակը, չնայած մինչ այդ ինչ-որ տնտեսական ակտիվության ցուցանիշներ էին ցույց տրվում:

- Ինչ աճ…  Դե  Պուտինն  ասաց`ինչ-որ աճ ունենք ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված… ասել ա, թող տեր  կանգնի, մեծ պետության ղեկավար է, եթե տեսնում է, որ ինչ-որ բաներ պակաս են, թող լրացնի, որ իր ասածը ճիշտ դուրս գա:

 

http://www.tert.am/am/news/2016/09/16/lyova-khachatryan/2135839#.V9zsKkx...