Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր ա՝ ծալած էջը բացվի. Ծառուկյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

10/26/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի հերքում, որ առաջիկայում կրկին կվերադառնա ակտիվ քաղաքականություն:

«Ես երկու տարի քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ: Եվ այսօր եթե անհրաժեշտություն լինի, կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը ես չունեմ, քանի որ ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, էնպես չի, որ քաղաքականություն մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ, եթե անհրաժեշտությունը լինի, կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան ներող ա, կամեցող ա: Թող բոլոր քաղաքական գործիչներն իմանան, Ծառուկյանը նենգ չի, ներող ա, բարի ա: ներող: Թող բոլորն իմանան, ես բոլորին ներում եմ»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը հիշեցրեց, որ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր. «Ես ուզում եմ անձամբ ես պատասխանեմ: Դուք բոլորդ էլ հիշում եք, որ ես 2015թ. փետրվարի 12-ին ես ելույթ ունեցա, տեղեկացրի իմ ժողովրդին, իմ համակիրներին, որ եթե պետք է արուն թափի իմ ժողովրդից, ես դրան դեմ եմ, ես դրան թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակեպել, ժողովուրդն իմ հետեւից գալիս ա, հավատում ա, ուրեմն ես իրավունք չունեմ թույլ տամ, որ արյուն թափվի: Գիտեք՝ հասունացել էր, դա արդեն հեղափոխություն էր, հեղափոխությունն առանց արուն չի լինելու, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդից արուն թափվի»:

Ծառուկյանը նշեց, որ ինքը ժողովրդի կողքին է եղել միշտ, փորձել է օգնել, ինչքան հնարավորություն ունեցել է:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը 2015-ի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ:

Դրանից հետո Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, լքեց ԲՀԿ նախագահի պաշտոնը՝ հայտարարելով, որ հեռանում է քաղաքականությունից, քանի որ չի ցանկանում, որ արյուն թափվի:

 

http://news.am/arm/news/353751.html