Դա մեր բոլորի ամոթն է. Ն. Զոհրաբյանը կոչ է անում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ հայտարարելու հարց բարձրացնել
Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականը քննարկելիս
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թեմայից դուրս անդրադարձավ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած նամակին: Ըստ նրա՝ դա հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրադարձություն է և խայտառակություն։
"Սա պետական դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը հայոց պատմության մեջ չի եղել",- ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ իրեն դիմել են Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եկեղեցական արարողակարգով, իրեն վերապահված լիազորություններով և եկեղեցական ժողով հրավիրելով դնել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ հայտարարելու հարցը: «Սա համայն հայության խնդիրը պիտի լինի, որովհետև նման անբարո, խայտառակ նամակ չի եղել, և դա մեր բոլորի ամոթն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանն Էրդողանին ուղղված նամակում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ ասել էր, որ Գերմանիայի որոշումը հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել:
http://www.tert.am/am/news/2016/06/08/zohrabyan-ateshyan/2043859