Դատապարտելի է. Վահե Հովհաննիսյանը` Բաղրամյան փողոցի դեպքերի մասին

06/24/2015

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ոստիկանները ֆիզիկական ուժի և ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, բերման ենթարկել 237 մարդու և հարուցել քրեական գործ:
Այս կապակցությամբ Zham.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ.

- Պրն. Հովհաննիսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման փաստը, որին ականատես եղավ ողջ աշխարհը:

- Բնականաբար՝ դատապարտելի է, շատ ցավալի է: Խաղաղ ցուցարարները մեր քաղաքացիներն են, ովքեր դուրս են եկել՝ սոցիալական խնդիր բարձրացնելու: Միևնույն ժամանակ ես որպես պատգամավոր և որպես քաղաքացի, ուզում եմ հատուկ կարևորել մեկ հանգամանք. իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ հատուկ միջոցների կիրառմամբ և բացառապես ոստիկանության միջոցով հնարավոր չէ լուծել հասարակական հանդարտության խնդիրը: Ոստիկանական ուժերի ճնշմամբ, լրագրողների տեսախցիկներ կոտրելով հնարավոր չէ լուծել մեր քաղաքացիների սոցիալական ծանրագույն խնդիրները: Ոստիկանության ուժերով հնարավոր չէ լուծել տոտալ հանրային անարդարության խնդիրը, դրանով միայն մեծանում է լարվածությունն ու խթանվում է արտագաղթը: Աճող տնտեսական, սոցիալական լարվածության պայմաններում մեզ պետք են քաղաքական լուծումներ, տնտեսական առաջընթաց և ներքին համերաշխություն ապահովող որևէ գործուն մեխանիզմ: Այսօրվա սուր խնդիրներից որևէ մեկը հնարավոր չէ լուծել ոստիկանության միջոցով: Այդ հարցերի լուծումներն այլ հարթության մեջ են: Սրա մասին է պետք մտածել:

Zham.am