"ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից". ասված է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված Նաիրա Զոհրաբյանի ելույթում

06/20/2016

 

Հարգելի գործընկերներ,

Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որը աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով։ Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած  բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա։

Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից՝ Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր։ Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս՝ Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի։ Երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից՝ ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը։

Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում՝ մարդու իրավունքների հանձնակատարին,  ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները։ Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին։ Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ի՞նչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այո, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների։  Եւ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի՝  «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում։ Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում՝ տարբեր շինծու մեղադրանքներով։ Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ։  

Հարգելի գործընկերներ,

Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի  ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ։

Եւ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում։

Այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, իսկ 13 ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանելու համար։

Ահա այսպես՝ հարգելի գործընկերներ։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել։ Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է՝ այդօրինակ պետության բոլոր կանոններով։