Գոնե Ձեզ քծնելու համար հերթ չկանգնեցին, ինչպես Կարեն Կարապետյանի դեպքում. Նաիրա Զոհրաբյանը` Արթուր Դավթյանին

09/14/2016

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցելու ՀՀ գլխավոր դատախազի  նշանակման հարցով քվեարկությանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Անձերով ոչինչ չի փոխվի, պետք է խաղի կանոնները փոխել: Քանի դեռ ինչ-որ բան բարեփոխելու քաղաքական որոշում չկա, ոչինչ չի փոխվելու»,- որոշումը բացատրեց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` երաշխիքներ չկան, որ Արթուր Դավթյանը, որն այս պահին գլխավոր դատախազի թեկնածուն է,  մի օր հանգամանքների բերումով «վատառողջ» չի դառնա ինչպես նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Ինչ երաշխիքներ ունենանք, որ վաղն ինչ-որ բան էնպես չեք անի, կամ մի քիչ ուշ կվերադառնաք հանգստի վայրից, Ձեզ հետ էլ հանկարծ չի պարզվի, որ Ձեր ճնշումը 180-ը 120-ի վրա է եւ դուք չեք կարող պաշտոնավարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով` Արթուր Դավթյանի «բախտը բերել է», որ նրան չեն փորձել քծնել այնպես, ինչպես արդեն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Գոնե ձեր հասցեին նողկալի, զզվելի, լպրծուն, այլանդակ քծնանքներ չհնչեցին, չասեցին, որ դատական համակարգը Սինգապուրի դատական համակարգը կդարձնեք, չասեցին, որ մոլորակում մեծ կապեր  ունենք, իհարկե, չճշտվեց` Կարեն Կարապետյանը որ մոլորակում կապեր ուներ` Մարս, Յուպիտեր, Վեներա, թե առայժմ Երկիր մոլորակում: Գոնե այնքանով հարգեցին Ձեզ, որ հերթ չկանգնեցին, ձեզ նման նողկալի քծնանքի համար, դրա համար Ձեզ շնորհավորում եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

http://news.am/arm/news/346271.html