ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
01/09/2009

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ մրցաշրջան 2008-ը հայկական սպորտի համար, այնուամենայնիվ, արդյունավետ եղավ: «Մենք ժողովրդին խոստացել էինք, որ Պեկինում գոնե մեկ մեդալ անպայման կնվաճենք, փոխարենը բերեցինք վեցը: Դրան ավելացնենք շախմատի մեր տղամարդկանց հավաքականի՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճած համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Սա ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ չկա: Աշխատել է հարկավոր: Բայց 2008 թվականը ի հայտ բերեց նաև թերությունները, որոնք պետք է վերացնել: Հիմա մտածում ենք Լոնդոնում արդեն օլիմպիական «ոսկու» մասին: Ու դրա համար անելու ենք ամեն ինչ: Նախարարի հետ արդեն պայմանավորվել ենք տնօրեններին և մարզիչներին մեկ տարի ևս աշխատելու հնարավորություն ընձեռել: Բայց տարվա վերջին պահանջելու ենք: Եթե արդյունքների առաջխաղացում չեղավ, տվյալ մարզադպրոցի տնօրենն իր տեղը զիջելու է: Նույնը վերաբերում է նաև մարզիչներին: Ով արդյունք ունեցավ՝ նստելու է ամենապատվավոր տեղում, պարգևատրվելու ու մեծարվելու է: Ով՝ ոչ, ասելու ենք՝ բարի ճանապարհ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:
Ավարտելով ելույթը՝ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրեց հայտնի գործարար և նախկին ըմբիշ Սամվել Կարապետյանի թեկնածությունը, որն էլ ընտրվեց միաձայն: Նորընտիր նախագահի խոսքը կարճ էր: «Շնորհակալություն վստահության համար: Հավաստիացնում եմ, որ ձեր վստահությունը լիովին արդարացնելու եմ»,-այսպես ավարտեց իր ելույթը Սամվել Կարապետյանը: