ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐԳԱՎԱՃ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ»

09/21/2007
–Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս է «Բարգավաճ Հայաստանը» դիմավորում Անկախության օրը։

–Բարձր տրամադրությամբ։ Մենք տարին լավ ենք սկսել։ Մեր կուսակցությունը այսօր ներկայացված է թե՛ խորհրդարանում եւ թե՛ կառավարության մեջ։ Մենք քաղաքական կոալիցիայի մաս ենք կազմում, այսինքն՝ մեր գործընկերների հետ համատեղ ստանձնել ենք պետության քաղաքական իշխանության պատասխանատվությունը։ Երկրի տնտեսությունը շարունակում է զարգանալ, իսկ դա նշանակում է, որ գնալով ավելի շատ թվով ընտանիքներ հնարավորություն են ստանում աշխատելու եւ մտածելու ավելի բարեկեցիկ վաղվա օրվա մասին։ Մեր կուսակիցների հետ ավանդույթ ենք դարձնում, որ պետական գլխավոր տոնի օրը լրատվամիջոցների օգնությամբ շփվենք ժողովրդի հետ։ Օգտվելով առիթից՝ Ձեր միջոցով ուզում եմ ձեր թերթի ընթերցողներին շնորհավորել Անկախության օրվա առիթով։ Մաղթում եմ բոլորին ամենայն բարիք։

-Ձեր կարծիքով, ի՞նչ ակնկալիք ունեն ձեր ընտրողները ԲՀԿ-ից այս փուլում։ Ի՞նչ կասեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտակա անելիքների մասին։

–Մեր կուսակցությունը ավելի քան 200 հազար քվե է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դա նշանակում է, որ առնվազն այդքան մարդ վստահել է մեզ եւ սպասում է, որ իրականացնենք մեր խոստումները։ Մեր ծրագիրը ժամանակին արժանացել է թե ընտրողների եւ թե տարբեր երկրների շատ լուրջ մասնագետների բարձր գնահատականին։ Պատահական չէ, որ քաղաքական կոալիցիայի կարեւորագույն փաստաթղթերից մեկի՝ կառավարության ծրագրի հիմքում կգտնեք մեր ծրագրի շատ դրույթներ։ Մեր քաղաքական նպատակները հստակ են, եւ ես հույս ունեմ, որ հայտնի են ժողովրդին։ Բայց մեր ծրագրերը կյանքի հետ առաջ գնալու, զարգանալու ու խորանալու խնդիր ունեն։ Մեր ծրագրի որոշ կետեր սկսում ենք իրագործել արդեն հիմա, եւ դա կերեւա կոալիցիոն կառավարության կոնկրետ քայլերում եւ խորհրդարան մտնող շատ օրենսդրական նախաձեռնություններում։ Մյուս կետերը իրականություն դառնալու համար ավելի երկար ճանապարհ ունեն անցնելու։

Ամեն դեպքում մենք ուզում ենք, որ մեր ընտրողները համոզված լինեն, որ մեր նպատակը ավելի լավ ու աշխատող օրենքներ ունենալն է։ Մեր կուսակցությունը չունի ուրիշ նպատակ, բացի մեր պետության բարգավաճման, ժողովրդի բարեկեցության համար աշխատելուց։ Մեր պատգամավորները, նախարարները, բոլոր պաշտոնյաները հաշվետու են լինելու ժողովրդին եւ ուշադրության կենտրոնում են պահելու մարդկանց հոգսերն ու կարիքները։

–Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան։ Ինչպիսի՞ հեռանկարի իրականացման համար է աշխատում ձեր կուսակցությունը։

–Մենք շատ լավ հեռանկար ենք տեսնում մեր երկրի համար։ Մեր ծրագրում հստակ պատկերացում կա, թե ինչպիսի պետություն է լինելու Հայաստանը 5, 10 տարի հետո։ Մեր կուսակցությունում հավաքված բոլոր մարդիկ էլ մտահոգ են ընդհանուր խնդիրներով։ Բայց եթե առաջ ամեն մեկը առանձին—առանձին էր մտածում պետության ապագայի մասին ու ձեւեր էր փնտրում իր անհանգստությունը ուրիշների հետ կիսելու համար, ապա այսօր մենք լավ կազմակերպված քաղաքական թիմ ենք, եւ Հայաստանի ապագան բոլորիս ընդհանուր մտահոգությունն է։

Մեր քաղաքական խնդիրը ամեն ինչով նպաստելն է, որ մեր երկիրը դառնա բարգավաճ ու բարեկեցիկ։ Սա ոչ միայն մեր քաղաքական պարտավորությունն է, այլ նաեւ մեր նպատակը։ Այս մտահոգությունն է, որ թելադրել է քաղաքական կոալիցիա կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ եւ համագործակցություն սկսել Հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Կոալիցիայի նպատակները լավ հայտնի են, եւ ես համոզված եմ, որ մենք միասին դրանք իրականություն ենք դարձնելու։

–Լրացավ կառավարության գործունեության 100 օրը։ Ինչպե՞ս կգնահատեք կառավարության աշխատանքը։

–Սա մեր կառավարությունն է, որը իրականացնում է մեր ընդհանուր քաղաքական ծրագիրը։ Մենք ուզում ենք, որ ժողովուրդը շարունակի վստահել իր ընտրած իշխանությանը եւ իր վստահությամբ օգնի կառավարությանը՝ իրականացնելու դրված նպատակները։ «Բարգավաճ Հայաստանի» երեք նախարարները նույնպես այս օրերին հաշվետու են ժողովրդին, եւ ես հույս ունեմ, որ ընտրողները ուշադրությամբ լսում են նրանց հաշվետվությունները։ Մեր նախարարների առաջ մենք խնդիր ենք դրել հարգել իրենց դիմող քաղաքացիներին, ուշադրությամբ եւ սրտացավորեն պատասխանել նրանց դիմումներին։ Մարդկանց հետ աշխատանքը կարեւոր ենք համարում, որովհետեւ առանց նրանց մասին մտածելու միայն կառավարման գործերով զբաղվելը շատ քիչ է։

Արդեն սկսվել է նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը։ Կարծում եմ, որ այս ընտրությունների մի կարեւոր գիծը մարդկանց հոգսերի ու կարիքների մասին մտածելն ու խոսելն է լինելու։ Քաղաքական կոալիցիայով մենք առաջադրելու ենք նախագահի մեկ թեկնածու, ու ես համոզված եմ, որ մեր միասնական թեկնածուն այս ընտրությունների բացարձակ առաջատարն է լինելու։ Մեր միասնական թեկնածուին աջակցելու ենք միասնաբար, իսկ դա նշանակում է, որ մեր կողքին է լինելու մեր ընտրողների մեծ մասը։ Բայց ընտրությունների մասին ավելի մանրամասն կուզենայի խոսել մի քիչ ավելի ուշ, երբ կնախապատրաստենք ու կանցկացնենք մեր չորրորդ արտահերթ համագումարը։

–Պարոն Ծառուկյան, եկող տարվա նշանակալից իրադարձությունը Պեկինի օլիմպիադան է լինելու։ Ինչպե՞ս է մեր օլիմպիական հավաքականը պատրաստվում տարվա իրադարձությանը։

–Դուք տեսնում եք, որ վերջին շրջանում մեր մարզիկները մի քանի մարզաձեւերից շատ բարձր արդյունքներ են ցույց տալիս ամենաբարձր մակարդակի մրցումներում։ Նրանց համար բոլոր պայմանները ստեղծված են եւ մարզվելու համար, եւ հոգեբանական պատրաստության տեսանկյունից, եւ մարզիչների հարցում։ Ազգային օլիմպիական կոմիտեն եւ սպորտի ու երիտասարդության նախարարությունը ամեն ինչ անելու են, որ Պեկինի օլիմպիադայում Հայաստանը մեդալներ ունենա։ Կարծում եմ, սա լուծվող խնդիր է։

–Կարծում եմ, մեր ընթերցողներին հետաքրքիր է, թե ինչպես են ձեր ընտանիքում նշում սեպտեմբերի 21-ը։

–Ինչպես բոլոր մյուս ընտանիքներում։ Մեր մտքում հզոր պետություն ունենալու երազանքն է, ինչպես նաեւ մեր ընտանիքի բոլոր անդամներին, բոլոր մտերիմներին առողջ ու երջանիկ տեսնելու ցանկությունը։ Ես էլ մեր ընկերների հետ կմասնակցեմ օրվա տոնական իրադարձություններին, օրը կանցկացնեմ մեր կուսակից ընկերների ու քաղաքական գործընկերների հետ։