ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ»

12/20/2008

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Ազատամտություն» օրաթերթին



- Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում շատ են խոսակցությունները, թե առաջիկայում փոխվելու է կառավարության ղեկավարը, և որպես ապագա վարչապետ շրջանառվում է նաև Ձեր անունը:


- Ես միշտ ասել և ասում եմ, որ կուսակցություն ստեղծել եմ ոչ թե պաշտոնի համար, այլ այս երկրի համար: Ես ամեն բան ներդրել եմ երկրի լավ լինելու և փայլուն ապագայի համար: Կրկնում եմ, կուսակցությունը չեմ ստեղծել բիզնեսի աղբյուրի կամ պաշտոնի համար, և դա լոկ խոսքեր չեն: Ամենակարևորը ժողովրդի մասին մտածելն է:

- Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտածո՞ւմ է, և առհասարակ` կառավարությունը կարո՞ղ է դիմակայել տնտեսական ճգնաժամին:

-Այսօր վարչապետը պետք է քայլեր կատարի, և այդ քայլերը ժողովուրդը պետք է տեսնի: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա շատ կարճ ժամանակ է անցել, բայց նա պաշտոնը ստանձնել է և պարտավոր է իր աշխատանքով ապացուցել և ցույց տալ, որ նախկինից իր աշխատանքն ավելի լավն է, և ժողովուրդը դրա կարիքն ունի: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա առավոտյան խմբակցության նիստ էինք գումարել, որտեղ քննարկեցինք նաև համաշխարհային ճգնաժամի՝ մեզ սպառնացող հետևանքների մասին: Մենք գտնում ենք, որ այսօր անհրաժեշտ է հնարավորություն տալ մեր գործարարներին, որպեսզի կրճատում չլինի, ինչը կբերի գործազրկության: Իսկ դրա համար արտոնություններ պետք է տրվեն: Բացի այս, մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, որ հարկ է սառեցնել բոլոր այլ հարցերը, քանի որ ճգնաժամ է, և մտածել միայն մի ուղղությամբ` օժանդակել գործարարներին: Այս պատճառով է, որ մեր խմբակցությունը դեմ է ներկայացված հարկային փաթեթին, որովհետև հակառակն է պետք անել և թեթևացնել մարդկանց վիճակը:

Այսօր համաշխարհային խոշոր ընկերություններ են փակվում, ահռելի կրճատումներ են սպառնում, իսկ Հայաստանում ճգնաժամի առաջին ալիքը մի փոքր թեթև է միայն այն պատճառով, որ մեր բանկային համակարգը լավ չի աշխատել, և ամեն մարդ իր անձնական գործն է առաջ տարել: Իսկ ահա երկրորդ ալիքից, ցավոք, խուսափել չի լինի, այն իրեն զգացնել կտա և արդեն տալիս է: Գների նման տատանումներն իրականում լուրջ խնդիր են, և, ըստ կանխատեսումների, մինչև 2009թ-ի ավարտն ունենալու ենք նման իրավիճակ:

- Իսկ տեղյա՞կ եք, կառավարությունը կոնկրետ ծրագրեր ունի՞:

- Պլաններ և ծրագրեր կան, մենք էլ մեր առաջարկություններն ու ծրագրերն ենք ներկայացնում, իսկ թե դա կընդունվի, թե ոչ, չգիտեմ: Ամեն դեպքում ես հանձնարարել եմ ողջ խմբակցությանը, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից ծրագրեր առաջարկի:

- Կրկին ակտիվացել են խոսակցությունները խորհրդարանական արտահերթ ընտրությունների հավանականության մասին:

- Այսօրվա իրավիճակում մենք բոլորս պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն երկրում և բոլոր ջանքերն ուղղենք այս ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Կարևորն այսօր աշխատանքն է և աշխատատեղերի պահպանումը, որովհետև ցանկացած ցնցում կկործանի երկիրը, այնպես որ, նման խնդիր չի կարող լինել:

- Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախնական եզրակացությանը:

- Ես գտնում եմ, որ Հայաստանը կատարել է բոլոր կետերը, իսկ քանի որ դատավարությունը դեռ չի ավարտվել, ապա և վաղ է դրա մասին խոսել: Ոչ մեկը չգիտի, թե ինչպես կավարտվի դատավարությունը:

- Բայց Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը մոտ է իրականություն դառնալուն:

- Ոչ մեկը չի կարող ձայնից զրկել, մինչև դատավարությունը չավարտվի: Կամ ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ, այսօր որևէ մեկը որպես քաղբանտարկյալ կալանավորվա՞ծ է: Այնպես որ, սպասենք դատավարության ավարտին և նոր խոսենք այդ մասին:

- Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք «Բջնիի» շուրջ իրավիճակը, մասնակցելո՞ւ եք աճուրդին:

- Ես եղել եմ Խաչիկ Սուքիասյանի ընկերն ու գործընկերը, ես երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ, որպեսզի ինչ-որ մեկը մասնակցի այդ աճուրդին: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային խնդրին, ապա մեղավոր են տնօրենն ու հաշվապահը, ովքեր վարձատրվում են նրա համար, որ ճիշտ կատարեն թղթաբանությունը:

- Քանի որ սա տարեվերջյան հանդիպումն է, ինչպե՞ս կգնահատեք Ձեր խմբակցության գործունեությունը և, առհասարակ, ինչպիսի՞ն էր 2008թ-ը Հայաստանի համար:

- Ես ցանկանում եմ, որ շատ լավ լինի, այնպես, ինչպես ես եմ պատկերացրել: Իմ ցանկությունն է, որպեսզի երկիրը կայուն լինի, իսկ գործունեությունը կգնահատեի բավարար: Հայաստանի համար տարին լարված էր, մարտիմեկյան դեպքերը շատ ցավալի դեպքեր էին և մարդկային տասը զոհը, անկախ նրանից, թե ինչ կուսակցական պատկանելիություն նրանք ունեին, ընդդիմություն էին, թե ոչ, իրոք վատ հետևանք էին: Իսկ ճգնաժամն էլ վերջին 10-15 տարիների ուռճացման հետևանք էր, քանի որ Հայաստանում այդքան ռեսուրս և գումար չկար, որքան նշվում էր: Իսկ հիմա ժամանակ է պետք, որպեսզի այդ ամենը վերականգնվի: