ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով պաշտոնի ստանձման կապակցությամբ` Գագիկ Ծառուկյանը հույս հայտնեց, որ մեր երկրի տարբեր կառույցների հետ լավ հիմքերի վրա դրված ակտիվ փոխգործակցությունը կունենա արդյունավետ շարունակություն:
«Թե՛ Հայաստանի իշխանությունների, և թե՛միջազգային հանրության համար, այսօր առաջնահերթ է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Պետք է ողջ ջանքերը նպատակաուղղել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Մենք համոզված ենք, որ Դուք գործի մարդ եք և Ձեր աշխատանքի հիմքում ժողովրդավարական ամենաբարձր արժեքներն են:»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց Անդրեյ Սորոկինը:
«Ինչպես Ձեր, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համապատասխան ընտրությունների անցկացումը: ԲՀԿ-ն օգտագործելու է իր ողջ ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:
Մեզ համար մեծ կարևորություն ունի բնակչության ակտիվ ներգրավածությունն ընտրական գործընթացին: Մենք պետք է հետևողական լինենք և տեր կանգնենք յուրաքանչյուրի քվեին»,- իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: