ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԹԸ
Հայոց Ազգային Բանակի հիմնադրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ հանապետության մի շարք ուսանողական կազմակերպություններ, ուսանողական խմբեր, հասարակական կազմակերպություններ ու շարժումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ և Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո կազմակերպեցին տոնական միջոցառումների հագեցած շարք:
Հաշվի առնելով ՀՀ Ազգային բանակի անգնահատելի դերը երկրի խաղաղության և անվտանգության պահպանման գործում` տոնական միջոցառումները կազմակերպչական աշխատանքների մեկնարկման առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում էին՝ նրա կողմից ստանալով աջակցություն իրականացման բոլոր փուլերում:
Տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց Հաղթանակի կամուրջից: Հարյուրավոր երիտասարդներ, ի նշան խաղաղության, երկինք բաց թողեցին տոնական եռագույն փուչիկներ և հայոց եռագույն դրոշներ:
Այնուհետև ուսանողական, երիտասարդական մի քանի տասնյակ խմբեր մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում քաղաքացիներին բարեմաղթանքներ էին ուղղում և նվիրում բանակի օրվա շնորհավորական բացիկներ:
Միջոցառումների շարքն ավարտվեց համաուսանողական երթ-պսակադրությամբ Եռաբլուր՝ ի հարգանք նահատակ հերոսների հիշատակի:
Եռաբլուրում հավաքվել էին բազմահազար երիտասարդներ, նրանց ոգևորությունն էլ ավելի մեծացավ, երբ տեղեկացան, որ երթին միանալու և այն առաջնորդելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ամեն մի հայ մարդու համար սա հաղթանակի, ուժի օր է: Յուրաքանչյուր հայ հպարտանում է իր բանակով: Այս նախաձեռնության հեղինակները մեր երիտասարդներն են, ովքեր հավաքվել են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին, այն նվիրյալներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը և արյան գնով պաշտպանեցին և ազատագրեցին մեր հայրենիքը: Մեր երիտասարդական կառույցի անդամները նաև այցելել են զոհվածների ընտանիքներին, ցավակցել, մխիթարել նրանց, որպեսզի նրանք իմանան, որ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են և միշտ կարող են ակնկալել մեր աջակցությունը: Մենք մեր ուշադրությամբ պետք է թեթևացնենք նրանց ցավն ու վիշտը»,-իր ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Երթի մասնակիցները խունկ վառեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, հարգեցին նրանց հիշատակը: