ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Առաջին հանդիպումը նախատեսված էր Սյունիքի մարզկենտրոնում: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մարզպետարանում ծավալված զրույցում ԲՀԿ նախագահը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը մարզի խնդիրներին տեղում ծանոթանալն է: Սյունիք էր ժամանել նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա ներկայացրեց քաղաքի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը:
«Համաշխարհային բանկի հետ համատեղ արդեն սկսվել է Գորիսի բժշկական կենտրոնի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Նշեմ, որ աշնանը անգլիական կողմի աջակցությամբ լիովին կվերանորոգվի Կապանի մանկական մասնաշենքը, և մենք կունենանք մանուկների համար նախատեսված ժամանակակից, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կենտրոն»,-տեղեկացրեց պրն. Քուշկյանը:
Հանդիպման վերջին Սյունիքի մարզպետարանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրեց «Ակսել Բակունց» հուշամեդալով:
Մարզպետարանից Գագիկ Ծառուկյանն ուղևորվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի տարածքային գրասենյակ, հանդիպեց կուսակցական ակտիվի հետ, այնուհետև Երևանից ժամանած պատվիրակության անդամները այցելեցին Հայրենական Մեծ Պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ կանգառը Անտառաշատ համայնքն էր: Այստեղ ևս հյուրերին ընդունեցին աղուհացով: Շուրջ 200 բնակիչ ունեցող այս համայնքի համար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մի կարևոր խնդիր էր լուծվել: Գագիկ Ծառուկյանը համայնքին էր նվիրել նոր տրակտոր, որը ծառայելու է գյուղին: Գագիկ Ծառուկյանը տեղեկացավ գյուղացիներին հուզող խնդիրներին, պարզեց, որ առաջինը գյուղական ճանապարհների վերանորոգման հարցն է, խոստացավ լուծում տալ այս խնդրին:
Անտառաշատից հյուրերն ուղևորվեցին Կապան: Այստեղ Գագիկ Ծառուկյանին ներկայացվեց Կապանի երբեմնի գեղատեսիլ վայրերից մեկը՝ քաղաքային այգին, որն այսօր անմխիթար վիճակում է: Գագիկ Ծառուկյանը խոստացավ հոգալ այգու վերանորոգման ծախսերը:
Հերթական հանդիպումը կայացավ Կապանի քաղաքապետարանում: Կապանի ավագանու հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց քաղաքի խնդիրները: Տեղում լուծում տրվեց մի քանի խնդիրներին:
Օրվա վերջում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Կապանի կուսակցական ակտիվին: ԲՀԿ նախագահը ելույթ ունեցավ ԲՀԿ անդամների և աջակիցների առջև: «Ես հավատում եմ իմ սկզբունքներին, իմ գործին, իմ բոլոր ցանկությունները կատարվել են, ունեմ միայն մեկ ցանկություն, որ մեր երկիրը կայուն, ամուր և հզոր լինի, մեր ժողովրդի համար ապրելու, աշխատելու, ստեղծագործելու և սովորելու պայմաններ լինեն: Մեր խոսքը գործ է: Մեր ծրագրերը մենք անպայման իրականացնելու ենք»,-ելույթում նշեց պրն. Ծառուկյանը:
Հաշվի առնելով առաջ քաշված մի քանի խնդիրների հրատապությունը՝ Գագիկ Ծառուկյանը տեղում հանձնարարեց 5 միլիոն դրամ փոխանցել Զոհված ազատամարտիկների ընտանիքների աջակցության հիմնադրամի հաշվեհամարին: ԲՀԿ նախագահը նշեց, որ մեկ այցի շրջանակներում հնարավոր չէ լուծում տալ բոլոր խնդիրներին և հավելեց, որ նման այցերը շարունակական են լինելու: