ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻՅԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

11/20/2008
Նոյեմբերի 20-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Եդինայա Ռոսիյա» համառուսաստանյան քաղաքական կուսակցության 10-րդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության պայմանագիր կնքած կուսակցությունների պատվիրակությունները։ «Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրված էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Գլոբալ հիմնախնդիրներ. կուսակցությունների դերը ճգնաժամերի հաղթահարման գործում» թեմայով, որին մասնակցեցին հրավիրված պատվիրակությունների ղեկավարները։ Հրավիրված կլոր սեղանի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Եդինայա Ռոսիյա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովի հետ։ Վերջինս բարձր գնահատեց և կարեւոր համարեց գործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, արձանագրելով, որ «Բարգավաճ Հայաստանը» լուրջ եւ կարևոր դերակատարություն է ստանձնել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ եւ այդ դերակատարությունը գնալով դառնում է առավել զգալի և նշանակալից։ Կոնստանտին Կոսաչյովը ողջունեց Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ 2009 թվականի գարնանը Երեւանում համատեղ կլոր սեղան անցկացնելու վարաբերյալ՝ որը նվիրված կլինի հայ-ռուսական համագործակցության խնդիրներին եւ հեռանկարին։ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալը տեղեկացրեց նաեւ, որ իրենք ընդունել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերը եւ փետրվարին կայանալիք ԲՀԿ 4-րդ համագումարին կմասնակցի «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի նախագահության պատվիրակությունը։

Կլոր սեղանից հետո «Գոստիննի Դվոր» համալիրում բացվեց «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարը, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Եդինայա Ռոսիայի» նախագահ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց Ռուսաստանի զարգացման համադրույթը՝ մինչեւ 2020 թվականն ու խոսեց դրա իրագործման առաջնահերթությունների մասին։

Համագումարի շրջանակներում ԲՀԿ պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շփումներ ունեցան ՌԴ Պետական Դումայի պատգամավորների եւ արտասահմանյան մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումները եւս մեկ անգամ վկայեցին, որ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նրանք տեսնում են լուրջ եւ վստահելի գործընկերոջ, որի դերակատարությունը գնալով դառնում է առավել նշանակալից եւ ազդեցիկ։