ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻՅԱ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Սեպտեմբերի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Եդինայա Ռոսսիա» համառուսաստանյան կուսակցության 12-րդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Համագումարից առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու կուսակցությունների միջև սերտ համագործակցության համար: ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց բազմաթիվ նոր նախագծեր և համատեղ գաղափարներ կյանքի կոչելու հարցում:
Արդեն սեպտեմբերի 24-ին Լուժնիկի մարզական համալիրում ավելի քան 11000 պատվիրակների և արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ ազդարարվեց համագումարի 2-րդ՝ գլխավոր օրը: Հրավիրվածների շարքում էին նաև Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատվիրակության անդամները: Օրակարգում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Եդինայա Ռոսսիա» համադաշնային ցուցակի ընդունման հարցն էր:
Հայաստանյան պատվիրակությունը Երևան է վերադառնում ռուս գործընկերների հետ համագործակցության նոր գաղափարներով ու հստակ ծրագրերով: