ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎԻ ԱՆՎԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
11/12/2009
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Բնության և հասարակության մասին գիտության միջազգային ակադեմիայի և Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության համատեղ հանդիսավոր նիստը: Միջոցառմանը հրավիրված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բարեգործ Գագիկ Ծառուկյանը: Հանդիսավոր նիստի բացումը վերապահված էր Բնության և հասարակության մասին գիտության միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին:
Ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի անցած ուղին, ընդգծելով Գագիկ Ծառուկյանի բարեգործական և հայրենասիրական գործունեությունը՝ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը նշեց, որ երկու ակադեմիաները միաձայն որոշել են բարեգործ Գագիկ Ծառուկյանին շնորհել Ալեքսանդր Մանթաշևի անվան ոսկե մեդալ՝ հայրենիքի հանդեպ ցուցաբերած անձնուրաց սիրո, ազգին մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային գանձանակին նվիրաբերած հոգևոր, նյութական և մարդասիրական արժեքների համար: Մարզահամերգային համալիրի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում կայացավ Ալեքսանդր Մանթաշևի անվան ոսկե մեդալի շնորհման արարողությունը:
Ելույթ ունեցողների թվում էր նաև Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահ Վլադիմիր Տիմինսկին: Նա նշեց, որ այսօրվա ասպետներին հատուկ է բարեգործությունը, և հենց այս փաստն էլ հիմք ընդունելով, ԲՀԿ նախագահ, բարեգործ Գագիկ Ծառուկյանին «Աշխարհի ասպետների միջազգային միության» կողմից շնորհվեց ասպետական կոչում:
Հանդիսավոր նիստի ավարտին ամբիոնին մոտեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պրն. Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և ներկաներին: «Հարգելի գործընկերներ, իսկապես, երբ գնահատվում է աշխատանքդ, ցանկանում ես անել ավելին: Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար»,-ելույթում մասնավորապես նշեց պրն. Ծառուկյանը: