ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎՐՈՊԱՑԻ» ՄՐՑԱՆԱԿԸ

05/11/2009
Մայիսի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շքասրահում կայացավ «Տարվա լավագույն եվրոպացի» տարեկան մրցանակաբաշխությունը:



ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության և ղեկավարման արդյունավետության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար 2009 թ. «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը շնորհվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:




Մրցանակի հանձման հանդիսավոր արարողությունից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահը: «Մենք միշտ եղել ենք եվրոպական արժեքների կրողը: Առաջինը Հայաստանն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ այսօր քրիստոնեությունը եվրոպական արժեհամակարգի հենասյուներից մեկն է: Մենք եվրոպական արժեհամակարգը կրող և կերտող ազգերի թվում ենք: Դեռևս 20-րդ դարասկզբին, երբ բազմաթիվ եվրոպական երկրներում կանայք իրավունք չունեին մասնակցելու ընտրություններին, Հայաստանի առաջին Հանրապետության խորհրադարանում արդեն գործում էին կին պատգամավորներ»,-ելույթում նշեց պրն. Ծառուկյանը:



«Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակաբաշխությունը անց է կացվում գրեթե բոլոր եվրոպական պետություններում: Այս պատվավոր մրցանակին են արժանացել  Լատվիայի նախագահ Վայրա-Վիկե Ֆրայբերգան, Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին, Իսլանդիայի արտգործնախարար Ջոն Բալդվին Հանիբալսոնը, Եվրոպական հանձնաժողովի անդամ Մարիո Մոնտին և այլոք: