ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈՒՏԻՆԻՆ
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Թույլ տվեք սրտանց և անկեղծորեն շնորհավորել Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում տարած հիանալի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Այդ հաղթանակը եղբայրական Ռուսաստանի հետագա զարգացման և ամրապնդման, ռուս ժողովրդի կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացման, միջազգային ասպարեզում Ռուսաստանի հեղինակության ու ազդեցության ամրապնդման նոր ուղիներ է բացում:
Օգտվելով առիթից, մեր պատրաստակամությունն ենք հայտնում առաջիկայում ևս խորացնել ու զարգացնել «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, որն իր լուրջ ներդրումն է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման համար:
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում նաև խորացնել համագործակցությունը Համառուսաստանյան Ժողովրդական ճակատի հետ, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության անունից:
Համոզված ենք, որ համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա լիովին բացահայտել երկու երկրների հասարակական կառույցների ողջ ստեղծագործական ներուժը, իր նպաստը բերելով հայ-ռուսական ավանդական ամուր կապերի և հարաբերությունների ամրապնդման գործին:
Մաղթում ենք Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, լավ տրամադրություն, Ձեր քաղաքական և պետական գործունեության մեջ նոր ձեռքբերումներ հանուն Ռուսական պետականության բարօրության:
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ