Բյուջեի կատարողականի քննարկումը հաշվապահական հաշվառման ձանձրալի դասընթաց էր. Նաիրա Զոհրաբյան
2015 թվականի բյուջեի կատարողականը քննարկվել է դատարկ դահլիճում, սարսափելի ձանձրալի: Այդ մասին այսօր խորհրդարանում ԱԺ այս նստաշրջանի վերջին նիստում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը պատճառն էլ գիտի. «Այդ քննարկումները հիշեցնում էին պրոֆտեխուսումնարանի հաշվապահական հաշվառման դասընթացներ՝ տվել ենք այսքան, ծախսել ենք այսքան»: Պատգամավորը նկատեց, որ բազմաթիվ ոլորտների առաջին դեմքեր հարկ չեն համարել ներկայանալ խորհրդարան, մասնակցել իրենց ոլորտին հատկացված բյուջեի կատարողականի քննարկմանը, պատասխանել պատգամավորների հարցերին:
«Ու հերթական անգամ, մենք ստիպված էինք հաշվապահական հաշվառման կուրսեր լսել, թե ինչքան է հատկացվել որոտին ու ինչքան է ծախսվել: Եվ ոլորտներ կային որտեղ 100 տոկոսով ու գերազանցիկի սինդրոմով կատարվել էր փայլուն», -նշեց պատգամավորը:
Նա պաշտպանեց նախորդ նիստերում իր գործընկերների կողմից արված դիտողությունը, որ յուրաքանչյուր ոլորտի ղեկավարը ինքը պետք է պատգամավորներին ներկայացնի կատարված աշխատանքը և ոչ թե խորհրդարան ուղարկի իր տեղակալներին կամ լավագույն դեպքում աշխատակազմի ղեկավարներին:
«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, և քաղաքական փաստթղթի կատարողականը պարտավոր են ներկայացնել ոլորտի քաղաքական պատասխանատուները և ոչ թե նրանց տեղակալները, որոնք որևէ բովանդակային հարցի հասկանալի պատճառներով չեն կարողանում պատասխանել», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
panorama.am