ԲՀԿ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրելով, որ հասարակության պառակտման եւ իրարամերժության մթնոլորտը դեռեւս լիովին հաղթահարված չէ, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին եւ գործիչներին, ովքեր հանդես են գալիս ազգային միասնության մթնոլորտը ամրապնդելու դիրքերից, եւ հանուն դրա պատրաստ են քաղաքական երկխոսության։
Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը օրակարգի խնդիր է։ Փոխադարձ հանդուրժողականության եւ հարգանքի մթնոլորտը միակ ընդունելի միջավայրն է՝ երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունավետ իրականացման եւ ժողովրդավարության խորացման համար։
Մենք դատապարտում ենք քաղաքական գաղափարների առողջ եւ ազատ մրցակցությունը թշնամանքով եւ անհանդուրժողականությամբ նենգափոխելու բոլոր փորձերը։ Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական ապագան հնարավոր է միայն գաղափարների ազատ արտահայտման, քաղաքական ուժերի ազնիվ եւ քաղաքակիրթ մրցակցության պայմաններում։ Ժամանակակից աշխարհի իրողությունները Հայաստանի քաղաքական ուժերին չեն թողնում այլ ընտրություն, քան քայլել ժամանակին համահունչ։
Կենսունակ ազգային գաղափարների ձեւավորումը եւ համամարդկային արժեքների արմատավորումը հայ իրականության մեջ հնարավոր է միայն մտքերի քաղաքակիրթ փոխանակության եւ հասարակական բարյացակամ հանդուրժողականության պայմաններում։