ԲՀԿ 3 անդամները քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, այդ մասին գիտի նաև «Լուսավոր Հայաստանը». Ն. Զոհրաբյան
Վանաձորում ԲՀԿ-ն հավատարիմ է մնացել իր խոստմանը՝ քաղաքապետի ընտրություններում ավագանու իր 3 անդամների ձայները «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին օգտին տալու վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«ԲՀԿ-ի ավագանու 3 անդամները քվեարկել են հօգուտ Քրիստ Մարուքյանի, ինչպես և պայմանավորվել էինք։ Րոպեներ առաջ ես զրուցեցի հաշվիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանի հետ, որը վստահեցրեց, որ պայմանավորվածությունը կատարվել է՝ ԲՀԿ ավագանու 3 անդամները հավատարիմ են մնացել իրենց խոստմանը։ Մնացածը, no comment»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ իր համար ի սկզբանե պարզ էր նման զարգացումը, ուստի իրենք ռիսկերը նկատի ունենալով մի քանի տարբերակներով ապացուցելի են դարձրել, որ ԲՀԿ-ն քվեարկել է այնպես, ինչպես խոստացել է։ «ԲՀԿ-ն իր խոսքը պահել է»,- վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչպե՞ս են շարունակելու համագործակցել այդ ուժերի հետ Վանաձորում, արդյոք կա՞ վստահություն, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ ինքն այս պահին կդժվարանա պատասխանել, որովհետև Ստրասբուրգում է, բայց նորից ընդգծեց, որ «մենք մեր պայմանավորվածությունը հարգել ենք, այդ մասին գիտի նաև «Լուսավոր Հայաստանը»»։