ԲՀԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆՆ Է

03/10/2009
Մարտի 11-ին Փաստարկ ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հանդիպեց լրագրողներին: Ներկաների ուշադրության կենտրոնում Երևանի ավագանու ընտրություններն են: Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ Քաղխորհրդում առաջարկվել են շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, ովքեր գլխավորելու էին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած ցուցակը:

«Հաստատվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թեկնածությունը: Նա մասնագիտությամբ բժիշկ է, արդեն մի քանի տարի է` ՀՀ առողջապահության նախարարն է և կարող է առավելագույնս արդյունավետ աշխատել Երևանի քաղաքապետի պաշտոնում»,-իր խոսքում նշեց Խաչիկ Գալստյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցելու է շուրջ 100 անդամներից կազմված ցուցակով: «Երևանում է ապրում ՀՀ բնակչության մեկ երրորդից ավելին, մեր ցուցակում առաջադրված են շուրջ 100 թեկնածուներ»,-ավելացրեց Խաչիկ Գալստյանը:

Ասուլիսի ընթացքում Խաչիկ Գալստյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կոալիցիայի անդամ-կուսակցություններին, ընդդիմության թեկնածուներին և պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առողջ մրցակցության պայմաններում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջ ինստիտուցիոնալ ռեսուրսն օգտագործելու է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ»,- հավելեց Խաչիկ Գալստյանը:   

Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջին շրջանում հատկապես երիտասարդների անդամագրությունը, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ իսկապես, տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերի ակտիվ համալրում, և նրանց թվում հատկապես շատ են երիտասարդները: «Կարծում եմ՝ դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է երիտասարդների կողքին, աջակցում է ուսանողներին, նպաստում է տարբեր երիտասարդական-ուսանողական ծրագրերի իրականացմանը»,-ավելացրեց Խաչիկ Գալստյանը: