ԲՀԿ-ն քննարկել է սահմանադրությունը՝ առանց քաղաքական մոտեցումների
ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, փորձագետներ ու մասնագետներ երեկ, փակ դռների հետեւում, հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ։ ԱԺ-ում մի քանի ժամ տեւած քննարկմանը հանձնաժողովի անդամներին են ներկայացվել կարծիքներ ու առաջարկություններ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։
«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ հանդիպման ժամանակ քաղաքական մոտեցումներ չեն եղել. «Քննարկումը զուտ մասնագիտական բնույթ է կրել»,- ասաց նա ու հավելեց, որ քննարկումը, չնայած տեւել է մի քանի ժամ, բայց այնուամենայնիվ եղել են հարցեր, որոնք ժամանակի առումով չեն հասցրել քննարկել եւ ներկայացնել դիտարկումներ։ ԲՀԿ-ն իր որոշումների մասին դեռ կհայտարարի. «Երբ բոլոր 64 տարածքային կազմակերպություններում ուսումնասիրություններ տեղի ունենան, մասնագետները կվերլուծեն դրանք եւ կխմբագրեն, ինչից հետո ԲՀԿ-ն ավելի ամփոփ փաստաթուղթ կներկայացնի»,- նշեց Վահե Էնֆիաջյանը։