ԲՀԿ-ն շարունակում է ՏԻՄ ընտրությունների հարցով տարբեր հանդիպումներ ունենալ
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սակայն քաղաքական տարբեր ուժեր դեռ հստակ չեն ներկայացնում, թե ում են պատրաստվում առաջադրել: Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում այսուհետ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու համամասնական կարգով. նախ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար՝ արդոք կուսակցությունը նշված համայնքներում թեկնածու առաջադրելու է, թե ոչ: Զոհրաբյանը, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ Գյումրիում դեռեւս թեկնածու չունեն: «Մենք քանիցս ասել ենք, որ հանրապետական ընտրություններում եւ ՏԻՄ ընտրություններում օլիմպիական մասնակցությունը՝ ընդամենը մասնակցել մասնակցելու համար, մեզ համար ընդունելի չէ: Չեմ թաքցնում՝ բազմաթիվ գործիչների այս ընթացքում հանդիպում ենք, ովքեր ցանկություն են հայտնել գլխավորել ԲՀԿ-ի համամասնական ցուցակը Գյումրիում: Այս պահին թեկնածու, որին լիիրավ եւ վստահաբար կարող ենք ասել, որ ունենք, եւ այդ թեկնածուն հաղթող է, ունի հստակ տեսլական՝ Գյումրին ոչ միայն զարգացնելու, այլ նաեւ առողջացնելու, չունենք», -ասաց ԲՀԿ ղեկավարը: Զոհրաբյանի խոսքով՝ իրենք առաջիկայում եւս շարունակելու են հանդիպումներ ունենալ մի շարք գործիչների հետ, որպեսզի իրենց համար պարզ դառնա՝ նրանցից կընտրեն թեկնածու՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար, թե ոչ: «Մենք չենք շտապում, ժամանակ դեռ ունենք: Առաջադրումները օգոստոսի 18-ից 28-ին են, բավականաչափ ժամանակ կա՝ վերջնական ճիշտ որոշում կայացնելու համար»,- հավելեց Զոհրաբյանը: Խոսելով Վանաձորում թեկնածու առաջադրելու մասին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Վանաձորում մեր նախնական կառույցը որոշել է առաջադրել մեր Վանաձորի ԲՀԿ կառույցի պատասխանատու Հրանտ Մարգարյանի թեկնածությունը, բայց օրենքն այնպես է, որ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակները պետք է հաստատի ԲՀԿ քաղխորհուրդը, այս պահին դեռեւս քաղխորհրդի նիստ հրավիրված չէ»: