ԲՀԿ-ն մեկնաբանում է ՀԱԿ-ի նախաձեռնությունը

05/15/2015

ՀԱԿ խմբակցության կողմից նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակն է ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի միացել: Aysor.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը առաջարկը ստացել է, բայց այն դեռ պետք է քննարկվի խմբակցությունում, քանի որ միանձնյա որոշումներ չի կայացնում.

«Ինչպես տեղյակ եք՝ ԲՀԿ խմբակցություն ենք հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը ևս նման պատրաստակամություն է հայտնել: Ավելին՝ պարոն Նազարյանը ևս մի քանի հարցադրումներ է ուղղել սակագնի բարձրացման հայտ ներկայացրած ընկերություններին, որոնց պատասխանները ստանալուց հետո նա կլինի խմբակցությունում»,- ասաց նա:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է իր այդ նախաձեռնությունն ավելի ընդլայնել և քննարկումը Ռոբերտ Նազարյանի հետ տեղի ունենա բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, բացի այդ՝ հրավիրվի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ևս, որպեսզի օպերատիվ լուծում տրվի այս հարցին.

«Մենք կարծում ենք, որ  այդ ֆորմատը շատ ավելի արդյունավետ կարող է լինել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով ՀԱԿ-ի նախաձեռնությանը և ԱԺ-ում հերթական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին, Ն.Զոհրաբյանն ասաց, որ հաշվի առնելով Ազգային Ժողովում բոլոր նմանատիպ հանձնաժողովների անփառունակ արդյունավետությունը պետք է քննարկել, թե որքանով է արդյունավետ ևս մեկը ստեղծել, և որքանով այն հերթական իմիտացիոն գործընթացը չի լինի.

«Բայց, կրկնում եմ, մենք կքննարկենք առաջարկը խմբակցությունում և  որոշումը կհայտնենք երկուշաբթի առավոտյան»:

Հարցին՝ հայտնի՞ է, թե երբ Ռոբերտ Նազարյանը կհյուրընկալվի ԲՀԿ խմբակցությունում, Ն.Զոհրաբյանն ասաց, որ երեկ ևս խոսել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ, ով հայտնել է, որ քննարկումը նպատակահարմար է անցկացնել, երբ ստանա իր հարցադրումների պատասխանները, որ ուղղել է սակագինը բարձրացնելու հայտ ներկայացրած ընկերություններին,.

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա առաջիկա օրերին»,- հավելեց Ն.Զոհրաբյանը: