ԲՀԿ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այս անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամներին հյուրընկալել էին Նորք-Մարաշ համայնքում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանին Նորք-Մարաշ համայնքի բնակիչները դիմավորեցին աղուհացով:
Նախքան մեկնարկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Արմենակ Արմենակյանի շիրիմին, հարգեցին նրա հիշատակը:
Առաջինը ելույթ ունեցավ Նորք-Մարաշ համայնքի բնակիչ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը: Պրն. Քուշկյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել: «Մեր ծրագրերը իրատեսական են և հեռանկարային, մենք էլ պատրաստ ենք մեր քաղաքի խնդիրներին արդյունավետ լուծում տալ»,- նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն:
Հավաքվածներն ունկնդրեցին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսքը գործ է, և Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի յուրաքանչյուր դրույթ իրականություն է դառնալու, մեր նպատակը Երևանցիների համար հարմարավետ կյանքի, բարեկեցիկ ապագայի ապահովումն է»,-ելույթն ավարտեց պրն. Ծառուկյանը:
Հանդիպման ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ կհանդիպեն մայիսի 22-ին Ազատամարտիկների այգում:

