ԲՀԿ-ն իրավապահներին կոչ է անում՝ վերանայել ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների գործերը
ԲՀԿ խմբակցության պատգամավորները իրավապահ մարմիններին կոչ են անում ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին, այդ թվում նաեւ հուլիսի 21-ի բախումների արդյունքում բերման ենթարկված եւ տարբեր պատճառաբանություններով մինչ օրս ոստիկանության բաժանմունքներում պահվող քաղաքացիական ակտիվիստներին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Իրավիճակն այսօր այնքան զգայուն եւ պայթյունավտանգ է, որ որպես քայլ կարող է դիտվել այս երիտասարդների ազատ արձակումը: Ես եւ իմ գործընկերները պատկան մարմիններին հորդորում ենք այդ երիտասարդների հանդեպ հարուցված քրեական գործերը վերանայել, որպես խաղաղ եւ փոխզիջումային տարբերակով խնդիրը լուծելու փոքր քայլ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Հարցին՝ արդեն վեցերորդ օրն է հանրապետությունում արտառոց իրավիճակ է, ինչո՞ւ խորհրդարանն արտահերթ նստաշրջան չի հրավիրում, մեր զրուցակիցն ասաց, որ ցանկացած հնարավորություն պետք է օգտագործվի իրավիճակը լիցքաթափելու համար, բայց ինքը չի կարծում, թե խորհրդարանի արտահերթ նիստը կամ պատգամավորները կարող են հարցի հանգուցալուծման բերել: Մանավանդ այն պարագայում, երբ հարգարժան Վիտալի Բալասանյանը, Պարգեւ սրբազանը չկարողացան փոխզիջումային եզրեր գտնել, նա դժվարանում է պատկերացնել, թե ում խոսքը կարող է ազդեցիկ լինել: «Պարտվողներ-հաղթողներ չպետք է լինեն: Խորենացի փողոցում էլ կա մի մասսա, որը հանգուցալուծումը տեսնում է բացառապես բախումներով: Ես մի քանի օր առաջ այնտեղ էի, մի կին ասում էր՝ հազար հոգի էլ թող մեռնի, միայն խնդիրը հանգուցալուծվի: Ոչ: Մի հոգի էլ չպիտի մեռնի: Երեւանի կենտրոնում հայի եւ հայի միջով բարիկադ չպետք է անցնի: Նման մտածելակերպն ու ձեւակերպումներն ինձ համար հասկանալի չեն: Բոլորն իրավունք ունեն սեփական կարծիք ունենալու, բայց արյունահեղությամբ, փրթելով ու մորթելով հարցեր չեն լուծվելու: Ամեն ինչ պետք է անել բախում թույլ չտալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Դավիթ Սանասարյանի եւ Անդրանիկ Ասլանյանի հետ տեղի ունեցածը: Հիշեցնենք, «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ վերջին օրերին բերման ենթարկելիս ակտիվիստներին ոչ թե ոստիկանության բաժիններ են տարել, այլ ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս: «Դավիթին այնքան էին ծեծել, որ ուղեղի ցնցում էր ստացել: Դրանից բացի տղաների պատմելով իրենց ամեն կերպ փորձում էին ստորացնել, ստիպում էին, որ տղաները ոստիկանների կոշիկները համբուրեն, թքում էին տղաների վրա, հայհոյանքների մասին ուղղակի անիմաստ է խոսել, ու դա ողջ ճանապարհին` Ազատության հրապարակից մինչև Դավթաշեն»,- ասել էր Դանիել Իոաննիսյանը: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են նաեւ բերման ենթարկվածների հետ կապված տարբեր միջադեպեր, հիվանդանոցներում գտնվող ծեծված քաղաքացիներին վերաբերվող հարցեր: «Այսօր արդեն տեղեկացա, որ նշյալ նողկալի, անհարգալից եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքով (նկատի ունի Դավիթ Սանասարյանի եւ Անդրանիկ Ասլանյանի հետ տեղի ունեցածը-Ն. Գ.) ՀՔԾ-ն արդեն գործեր է նախապատրաստել: Հույս ունեմ, որ մեղավորները հստակ կստանան իրենց պատիժը»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օմբուդսմենի հետ ամենօրյա կապի մեջ են եւ փորձելու են նաեւ ավելի արդյունավետ դարձնել ՄԻՊ գրասենյակ-խորհրդարան կապն ու աշխատանքը: Անդրադառնալով Խորենացի փողոցում արդեն մի քանի օր զարգացող իրադարձություններին, մեր զրուցակիցը նկատում է, որ այնտեղ կային մարդիկ, որոնց նպատակը ակնհայտ էր՝ սադրել. «Պետք չէ երեսպաշտություն անել եւ ասել, որ այնտեղ բոլորը բարի եւ ազնիվ նպատակներով էին հավաքված: Այնտեղ կա մի հերթապահ խումբ, որոնք սպասում են մի պատգամավոր, քաղաքական կամ հասարակական գործիչ գնա այդ տարածք, որպեսզի թռնեն երեսին: Օգտվելով առիթից, որ այդ ամենը մի քանի լրատվամիջոցներ ուղիղ եթերով հեռարձակում են, նրանք բառիս բուն իմաստով թռնում են տվյալ պատգամավորի երեսին՝ մեկին մարտի 1-ի մեջ են մեղադրում, մյուսին՝ ինչ-որ նախագծի քվեարկության, երրորդին ընդհանրապես անհասկանալի պահանջներ են ներկայացնում, որպեսզի իրենց բարեկամները տեսնեն, թե իրենք ինչ օրը գցեցին որեւէ պատգամավորի: Բայց հենց տեսախցիկները հեռանում են, պատգամավորներից «օբյեկտիվ պարզաբանում» ստանալու իրենց մղումն անմիջապես մարում է, քանի որ դա այլեւս հնարավոր չէ տեղադրել համացանցում ու պարծենալ՝ տեսեք, էս ինչ օրը գցեցի էս պատգամավորին»: Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ ամսի 21-ին, Խորենացի փողոցում, իրապես կանխվեց բախումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ