ԲՀԿ-ն ընդլայնված կազմով քաղաքական խորհրդի նիստ է հրավիրում
Դեկտեմբերի 3-ին սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մեր տեղեկությունը, որ ԲՀԿ-ն համագումար է հրավիրում, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը.
«Լինելու են քաղաքական խորհրդի անդամները եւ պատվիրակության ներկայացուցչական կազմը. այն իր բնույթով քաղաքական խորհրդի կազմ է, բայց ավելի ընդլայնված»,-հավելեց նա:
Մեր հարցին՝ սպասվո՞ւմ են ԲՀԿ քաղաքական խորհրդի կազմում փոփոխություններ, Էնֆիաջյանն, ըստ էության, չհերքեց.
«Դե, քաղաքական խորհրդի նիստ է, ըստ էության այն լիազորությունները, որոնք կանոնադրությամբ ընձեռված է քաղաքական խորհրդին, այդ լիազորությունների սահմանում տեղի է ունենալու հիմնականում մեր ներքին գործառույթների հետ կախված հարցերի քննարկումներ»:
Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվա՞ծ է ԲՀԿ քաղխորհրդի նիստին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձը՝ ասելով, որ «ծալած էջը հնարավոր է բացել»:
Էնֆիաջյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ ներքին հարցեր կան, որոնք կուսակցությունը պետք է քննարկի: