ԲՀԿ-ն առաջարկներ չի ներկայացնի

04/30/2015

«Մենք քանիցս ասել ենք, որ մեր երկրի ներկա վիճակում, երբ կա ներքին եւ արտաքին կայունության խնդիր, երբ կա Ղարաբաղի հարց, երբ քաղաքական կուսակցությունների կայացվածության աստիճանը խիստ կասկածելի է, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն այս պահին իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը`պատասխանելով հարցին`մինչեւ մայիսի 5-ը կուսակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին`ներկայացված հայեցակարգի վերաբերյալ. ԲՀԿ-ն որեւէ առաջարկ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ: Նկատենք, որ մինչ այս պահը միայն ՀՅԴ-ն է ներկայացրել իր առաջարկները: «Իհարկե, մեր ծրագրային դրույթներում կա կառավարման խորհրդարանական մոդելը, որպես ապագային միտված մոդել: Երբ կլուծվեն նշված ռիսկերը, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Սակայն, կրկնում եմ, այս փուլում խորհրդարանական մոդելին անցնելը կարող է երկրում լրջագույն խնդիրներ առաջացնել: Ուստի, մենք ներկայացված հայեցակարգի վերաբերյալ որեւէ առաջարկ չենք ներկայացնելու»,- ասաց Վահան Բաբայանը`հավելելով. «Ասվում էր, որ լինելու է երկրորդ տարբերակ: Այսինքն, գործող կիսանախագահական մոդելի լրամշակված տարբերակը, որը, սակայն, մինչ այս պահը չկա: Եթե հանձնաժողովն առաջարկի այդ տարբերակի իր մոտեցումները, բնականաբար, ԲՀԿ-ն կքննարկի գործող`կիսանախագահական մոդելի շուրջ առաջարկներ ներկայացնելու հարցը: Այս պահին, սակայն, հանձնաժողովը երկրորդ տարբերակ չի առաջարկել: Ուստի, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն`մնում է անփոփոխ»: