ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

02/11/2009

Սիրելի կուսակցականներ,
 

Ես սրտանց ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային և համայնքային կազմակերպությունների կոնֆերանսի մասնակիցներին:
 
Դուք հավաքվել եք, որպեսզի ամփոփեք անցած երկու տարիների Ձեր կատարած աշխատանքների արդյունքները և ընտրեք կուսակցության համագումարի պատվիրակներին: Ես ակնկալում եմ Ձեզնից պարզ-անկեղծ քննարկում, առկա հիմնախնդիրների վերհանում և դրանց հաղթահարման շուրջ գործնական առաջարկների ներկայացում:

Սիրելի հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» թևակոխում է զարգացման մի նոր փուլ: Այսուհետ մենք ավելի ակտիվ քայլեր ենք իրականացնելու ներկուսակցական շինարարության, մեր անդամների կարգապահության, թիմային աշխատանքի ունակություների բարձրացման ուղղությամբ։ Մենք պետք է  ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր կադրերի ճիշտ ընտրության, արժանավորներին տեղ տալու, խրախուսելու, իրենց գործի գիտակ մարդկանց մեր շուրջը համախմբելու հարցերին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործի կուսակցություն է,  և մեր այս որակական առավելությունը մենք պետք է միշտ բարձր պահենք: Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ Ձեզնից յուրաքանչյուրի կարողությանը, և ես լիահույս եմ, որ մենք միասին կարող ենք հաղթահարել բոլոր տեսակի փորձությունները, հասնենք մեր վերջնական նպատակին` ապրենք բարեկեցիկ ու բարգավաճ երկրում։

Գալիք տարիներին մենք մեր առջև ավելի լուրջ խնդիրներ ենք դնելու, որոնց իրագործման համար մեզնից յուրաքանչյուրից պահանջվելու է անմնացորդ նվիրում, տքնաջան աշխատանք: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը կգնահատվի ըստ արժանավույն: Ես կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, պատրաստ եմ իմ ողջ ուժն ու եռանդը ներդնել մեր կուսակցության հզորացման, մեր բոլորիս հայրենիքի ծաղկման և բարգավաճման գործում: 

 Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք, և թող որ Աստված լինի մեզ պահապան մեր բոլոր ձեռնարկումներում։

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ