ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ՊԻԵՌ ԲԵԼԻՆ

01/24/2012

Մեծարգո պարոն Սենատի Նախագահ

Ընդունեք, խնդրեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության և անձամբ իմ խորին
շնորհակալությունը հունվարի 23-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագծի ընդունման կապակցությամբ:

Ընդունելով այս օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր
նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին և կարևոր պատնեշ դրեց պատմական այդ
անուրանալի իրողությունը ժխտել ցանկացողների ոտնձգությունների դեմ: 2012 թվականի
հունվարի 23-ին Սենատում ընդունված այս պատմական փաստաթուղթը տրամաբանական
շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց
ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը կպսակվի հաջողությամբ:

Մենք նաև հույս ունենք, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի
Հանրապետության կողմից դրսևորված այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության և
աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար:

Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն Սենատի Նախագահ, մեր անկեղծ հարգանքի
հավաստիքը և ամենաջերմ մաղթանքը:

 
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ