ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

04/25/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 25-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնիքսոնի և Ֆրեդերիկ Մալմի հետ: 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը հիշյալ անձանց մասնակցությամբ և ջանքերով ընդունել է որոշում, որով 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն:



Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները նաև ակտիվ գործունեություն են ծավալում «Հայաստան-Շվեդիա» միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ողջ հայ ժողովուրդը շատ լավ է հիշում,  որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման քննարկման ժամանակ որոշիչ էր Անելի Էնիքսոնի ձայնը, քանի որ որոշումն ընդունվեց 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերությամբ: «Կարող եք վստահ լինել, որ Հայաստանը ձեզ համար վստահելի և հուսալի գործընկեր է»,- նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Իր հերթին «Հայաստան-Շվեդիա» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անելի Էնիքսոնը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար:  «Մենք զգացված ենք, որ Դուք գնահատում եք մեր կատարած աշխատանքը» ,-նշեց շվեդ պատգամավորը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբով առաջիկայում ևս մեկ անգամ պատրաստվում են այցելել Հայաստան, ինչպես նաև Արցախ: