ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ» ՄԵԴԱԼՈՎ

10/08/2009
Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ռուսաստանի գրողների միության մոսկովյան քաղաքային կազմակերպության պատվիրակության հետ:

Ռուսաստանի գրողների միության պատվիրակության՝ Հայաստան ժամանելու հիմնական նպատակը ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, բարերար Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին հոդված պատրաստելն էր: Այն լույս է տեսնելու «Ռոսիյսկիյ կոլոկոլ» պարբերականում:

Իր խոսքն ասաց պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի գրողների միության մոսկովյան քաղաքային կազմակերպության կառավարման քարտուղար Ալբերտ Օհանյանը: «Հարգելի պրն. Ծառուկյան, հայ ազգի բարգավաճման գործում մեծ ավանդ ունեցող բարեգործներից մեկը, անշուշտ, Դուք եք, բոլորս էլ տեսնում ենք, թե Դուք ինչ մեծ աջակցություն եք ցուցաբերում հայրենական սպորտին, երիտասարդներին և առհասարակ բոլորին»,-նշեց Ալբերտ Օհանյանը:

Պատվիրակությունը Ռուսաստանի գրողների միության կողմից Գագիկ Ծառուկյանին պարգևատրեց «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով բարեգործական լայնածավալ գործունեություն իրականացնելու համար: Ի դեպ, հյուրերի հետ հանդիպման վայրն ուներ խորհրդանշական բնույթ, այն կայացավ «Արարատ»  կոնյակի-գինու-օղու կոմբինատի թանգարանում, որի հարակից տարածքում էլ առաջին անգամ հեղինակի ներկայությամբ բեմադրվել է Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը:  Հյուրերի հետ հանդիպեցին և հարցեր ուղղեցին մի շարք լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ: