ԲՀԿ նախագահը մասնակցել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի նիստին

05/24/2015

Մայիսի 21-23-ը Մեծ Բրիտանիայի Վինչեսթեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստը։ Նիստի օրակարգում Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահի եւ վարչության նոր կազմի ընտրությունն էր։ Դաշինքի նիստը քննարկել է նաեւ անդամ պետություններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։ Նիստում ելույթով հանդես է եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ՝ անդրադարձել է փետրվարյան իրադարձություններից հետո ՙԲարգավաճ Հայաստանում՚ տեղի ունեցած փոփոխություններին։

Խորհրդի նիստը քննարկել է նաեւ դաշինքին անդամակցության նոր հայտերը՝ եվրոպական մի շարք երկրներից։ Եվրոպայի ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի ՙԺողովրդական ճակատ՚ կուսակցությունը։ ԲՀԿ նախագահն իր ելույթում նշել է, որ ուղղակի անթույլատրելի է եվրոպական ընտանիք անդամագրել մի երկրի կուսակցության, որտեղ այս պահին 80-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ երկիրը Եվրոպայի թÇí մեկ տոտալիտար երկիրն է՝ իր քաղաքական վերնախավով։ ԲՀԿ նախագահը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ չի կարող կողմ լինել Ադրբեջանի ՙԺողովրդական ճակատի՚ անդամակցությանը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքին։ Աշխատանքային երկրորդ օրը դաշինքի խորհրդի նիստը քննարկել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու դրա լուծման հնարավոր իրատեսական ուղիները։

ՙԲարգավաճ Հայաստանի՚ հրավերով հոկտեմբեր ամսին Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա Հայաստանում։