ԲՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն էր տարածվել Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի հրաժարականի, ինչպես նաև նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու մասին:
Ըստ հրապարակումների՝ այդ հրաժարականից հետո ԲՀԿ շարքերից մեծածավալ արտահոսք էր սկսվել և մարզի 400 բնակիչներ հանձնել էին անդամատոմսերը և ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել:
Հենց տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու համար՝ Արարատի տարածքային գրասենյակ էին այցելել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Տարածքային գրասենյակն աշխատում էր իր բնականոն հունով, իսկ այցելության պահին գրասենյակում անդամագրում էր տեղի ունենում:
Ուսումնասիրելով կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ ներկայացված մի քանի դիմումները՝ պարզ դարձավ, որ դիմումատուները երբեք էլ ԲՀԿ անդամ չեն հանդիսացել, և դիմումներ են ներկայացվել պատահական մարդկանց անուններով: Դիմումների մնացած հատվածի գերակշիռ մասն էլ կեղծ էր:
ԲՀԿ տարածքային գրասենյակ էին եկել բոլոր այն մարդիկ, ում անունից գրվել էին կուսակցությունից հեռանալու մասին դիմումները: Տարակուսանք, զարմանք ու վրդովմունք. կեղծ դիմումները այս զգացողություններն էին առաջացրել մարզի բնակիչների մոտ: