ԲՀԿ-ի հետ կան ընդհանուր շահեր. Լյուդմիլա Սարգսյան
Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցելու է Նաիրա Զոհրաբյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Tert.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բավական երկար ժամանակ էր, ինչ ՎՍԴՀԿ-ն մտորումների մեջ էր, թե ինչ ձևաչափով մասնակցի ՏԻՄ ընտրություններին ու Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցելու արդյունքում այս գաղափարն ինքնաբուխ ծնվեց:
Պատգամավորը նշեց, որ ինքը իրատես է, հասկանում է, որ կուսակցությունը միայնակ չի կարող մասնակցել ընտրություններին, որովհետև դրա համար ռեսուրսներ են հարկավոր:
«Իրատես եմ, համարում եմ, որ հեշտ չի լինի մեր միայնակ մասնակցությունը, դա կլինի օլիմպիական մասնակցություն՝ առանց հաղթանակի: Ու, քանի որ կար երկկողմանի ցանկություն ԲՀԿ-ի հետ, ինչո՞ւ ոչ, թող համատեղ լինի մասնակցությունը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ հետ համագործակցությունը սկսվել է դեռ 3 տարի է առաջ: «Կան ընդհանուր շահեր, հետևաբար, նորմալ է, որ համատեղ ենք մասնակցում»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ընդհանուր շահերն հնարավո՞ր է հեռանկարում հանգեցնեն նրան, որ ՎՍԴՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համատեղ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Այլ հարցերի շուրջ հաճախ ենք համագործակցում, բայց առայժմ կարող եմ խոսել միայն ՏԻՄ մասին: Կուլիսային պրոցեսներ գնում են, բայց առայժմ տեսանելի չէ, թե ինչ համագործակցություն կլինի: Տարբեր առաջարկություններ կան ու մենք կքննարկենք, դեռ վերջնական որոշման չենք եկել, թե ինչ կերպ ենք մասնակցելու ընտրություններին»: