ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կինը ընտրությունների պատճառով հրաժարվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համարը գլխավորող Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի կինը՝ Վարդանուշ Գրիգորյանը, որը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Անի պարտեզ» մանկապարտեզի տնօրենն է, հենց այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: «Տիկին Գրիգորյանը դիմում է ներկայացրել տնօրենի պաշտոնից դուրս գալու՝ այս անհարկի խոսակցությունները դադարեցնելու համար: Եվ ընդհանրապես, որպեսզի մեր թեկնածուն շատ ավելի ազատ լինի, որևէ կաշկանդող խնդիր չունենա ընտրություններում. մանկապարտեզը քաղաքապետարանի ենթակայության տակ է գործում, մենք հարմար գտանք, որ տիկին Վարդանուշ Գրիգորյանը դուրս գա մանկապարտեզի տնօրենի պաշտոնից, չնայած լրջագույն ավանդ ունի, լրջագույն մանկապարտեզներից է: Մենք հասկանում ենք, որ լրջագույն պայքարի ենք դուրս եկել և ցանկացած լծակ կարող էր օգտագործվել ճնշման համար: Այդ պատճառով հենց այսօր ինքը դիմում է գրել դուրս գալու համար»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններում թեկնածու է առաջադրել հետագայում գործող քաղաքապետի հետ համագործակցելու համար:Դրանք համարեց մանր-մունր, իր բառերով ասած՝ խուրդա թեկնածուների կողմից շրջանառության մեջ դրած խոսակցություններ:
http://www.aravot.am/2016/08/15/726370/