ԲՀԿ. Իշխանության թեկնածուն չպետք է Գյումրիի քաղաքապետ դառնար

10/17/2016

Իշխանության թեկնածուն չպետք է Գյումրիի քաղաքապետ դառնար։ Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը։

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը ստացել է միայն 34 տոկոս, սակայն դաշինքի ցուցակի առաջին համարը՝ Սամվել Բալասանյանը, նորից քաղաքապետ է դարձել։ «Նա բոնուս է ստացել։ Դա ակնհայտորեն անարդար մեխանիզմ է։ Օրենքի տառին համաձայն՝ նման բան չպետք է լիներ։ Մենք կառաջարկենք փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ»,– նշել է Զոհրաբյանը։

Դրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի ընտրության մեխանիզմն այնպիսին է, ինչպիսին տարիներ առաջ Երեւանում։ «Դուք ասում եք, որ իշխանության ներկայացուցիչը չպետք է քաղաքապետ դառնա, քանի որ նրա ուժը հավաքել է 34 տոկոս։ Իսկ ո՞վ պետք է քաղաքապետ դառնա, եթե մյուս ուժերն ավելի քիչ են հավաքել»,– ասել է Հարությունյանը՝ լռելով կոալիցիա ձեւավորելու հնարավորության մասին, եթե իշխող դաշինքը չստանար բաղձալի բոնուսը։

 

http://news.am/arm/news/352194.html