ԲՀԿ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

05/28/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եզրափակիչ հանդիպումը բազմահազար ընտրողների և ԲՀԿ աջակիցների հետ տեղի ունեցավ Աջափնյակ համայնքում՝ Ազատամարտիկների պուրակում(16-րդ  թաղամաս):

Ելույթ ունեցան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նրան հաջորդեց և ելույթով հանրահավաքն ամփոփեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի երևանցիներ, այսօր դուք ներկա եք Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եզրափակիչ հանրահավաքին: Վստահեք մեզ, և մենք կիրականացնենք մեր նախընտրական ծրագիրը: Մենք ներկայացնում ենք Երեւանի զարգացման համալիր ծրագիր, որի հիմքում նաեւ ձեզանից ստացված առաջարկություններն ու խորհուրդներն են։

Մեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները, եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար»,-ելույթն ավարտեց պրն. Քուշկյանը:

Հանրահավաքի մասնակիցներին դիմեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի Երևանցիներ, մայիսի 31-ին մենք առաջին անգամ ընտրելու ենք Երեւանի ավագանի, որն էլ կընտրի Երեւանի քաղաքապետին։ «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է այս ընտրություններին վստահ, որ Երեւանի զարգացման մեր առաջարկած ծրագիրը եւ թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են Երեւանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երեւանցիների կենցաղը` առավել հարմարավետ:

 Մեր խոսքը գործ է։ Վստահե՜ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ պահանջեք գործ։ Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը: Միասին շենացնենք մեր Երեւանը։ Միասին կառուցենք բարգավաճ երկիր»,-երևանցիներին դիմեց պրն. Ծառուկյանը:

Ազատամարտիկների պուրակում կայացած հանրահավաքին հաջորդեց համերգային ծրագիր հայ աստղերի մասնակցությամբ: