ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ.«ԲՀԿ-Ն ԼՈՒՐՋ ՀԱՅՏՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

03/31/2009
Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանը լրագրողներին տված հարցազրույցներից մեկում նշեց, որ ԲՀԿ կենտրոնական շտաբը ձևավորման փուլում է: «Մեր համայնքային շտաբները և ենթաշտաբների մեծամասնությունն արդեն ձևավորված են: Ընտրությունների նախապատրաստման փուլում ընդգրկված են հարյուրավոր, եթե չասեմ՝ հազարավոր ԲՀԿ-ականներ, մենք արդեն բազմաթիվ խորհրդակցություններ ենք անցկացրել, ուշադրությամբ հետևելու ենք հանձնաժողովների ձևավորման գործընթացին, այդ թվում՝ մեր ներկայացուցիչների ընտրությանն ու երաշխավորմանը»,-հայտարարել է պրն Սաֆարյանը:

«Երևանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են, թ՞ե սովորական ՏԻՄ ընտրություններ» հարցին պրն Սաֆարյանը պատասխանեց-.«Իմ անձնական կարծիքն ասեմ՝ չի կարող սա չլինել քաղաքական ընտրություն, որովհետև քաղաքական կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին»:

ԲՀԿ կենտրոնական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանը ևս մեկ անգամ վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վճռականությունը՝ բացառել Երևանի ավագանու ընտրություններում ընտրակեղծիների և ընտրախախտումների առկայությունը: «Մենք տրամադրել ենք մարդկանց, որ ստուգեն-բացահայտեն ընտրախախտումների և կեղծիքների մասին տեղեկությունները»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Ըստ պրն Սաֆարյանի՝ ԲՀԿ նորաստեղծ քարոզչական խումբը շատ հզոր է,  լուրջ մասնագետներ են այնտեղ ընդգրկված: «Շուտով կանցկացնենք մեր ծրագրի և գլխավոր կարգախոսի շնորհանդեսը, հանրությանը կներկայացնենք մեր հիմնական անելիքները: Օգտվելու ենք օրենքով նախատեսված քարոզչության բոլոր ձևերից, մենք տուն առ տուն մտնելու ենք Երևանում, աշխատելու ենք էլեկտրոնային փոստ օգտագործողների հետ»,-ավելացրեց Արամ Սաֆարյանը: