ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հարկային դաշտի նոր խստացումն այս անգամ հարվածում է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին:
Հարյուրավոր անհատ տաքսիստներ դժգոհում են կառավարության նոր որոշումից և իրենց հուզող խնդրի լուծման ակնկալիքով եկել էին հանդիպման ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ երկու տարի առաջ նմանատիպ իրավիճակում հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն էր վարորդներին օգնության ձեռք մեկնել:
Հանդիպման ժամանակ պարոն Ծառուկյանը լսեց բոլորին և ծանոթացավ բարձրացված խնդրին:
ԲՀԿ նախագահը նշեց, որ անհանդուրժելի է համարում այն հանգամանքը, որ առանց այն էլ ծանր հարկային պարտավորությունների պայմաններում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հավելյալ բարդություններ են ստեղծվում:
Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները առաջիկայում խորհրդարանի ամբիոնից կբարձրաձայնեն հավաքվածներին հուզող այս հարցը և այն օրենսդրական լուծում կստանա, իսկ մինչ այդ տաքսիստներին կտրամադրվի երեք միլիոն դրամ, այս եռամսյակի հարկային կանխավճարը մուծելու համար:
Տաքսիների վարորդներն ընդգծում են, որ սա իրենց համար անգնահատելի ու մեծ աջակցություն է, քանի որ հնարավորություն է ընձեռնվում ամեն օր դուրս գալ աշխատանքի և վաստակել իրենց ընտանիքների հանապազօրյա հացը: