Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում

04/21/2015

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Էլինար Վարդանյանի նախագահությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների ծավալած աշխատանքը ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու եւ բնագավառի պատասխանատուների հետ դրանք քննարկելու պատրաստակամությունը: Նա նշել է , որ աշխատանքային հանդիպման նպատակն է քննարկել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ մանկատների շրջանավարտների սոցիալական ապահովության եւ բեռնաթափման վերաբերյալ կառավարության ռազմավարությունը եւ այն իրականացնելուն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանությունն իրականացնող մարմինները եւ այդ ոլորտում կառավարության ընդունած ռազմավարական ծրագրերն ապահովում են մանկատան երեխաների եւ շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը եւ հասարակության մեջ նրանց ինտեգրումը:

«Առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 18 տարեկան 745 երեխաների շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունն իրականացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաների շուրջօրյա խնամքի 6 մանկատներում, որտեղ իրականացվում են նաեւ նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքներ, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանություն, ուսուցման եւ բժշկական օգնության կազմակերպում: 6 մանկատներից 3-ը ընդհանուր տիպի են, 3-ը մասնագիտացված, որտեղ խնամվում են հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող շուրջ 510 երեխաներ: Ոչ պետական 3 մանկատներում խնամվում է 138 երեխա»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնախնդրի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը:

Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը կարեւորել է երեխայի՝ թե սեփական ընտանիքում, թե հարազատների խնամքի ներքո կամ հաստատությունում գտնվելու ընթացքում աջակցության փաթեթի կիրառությունը:

Էլինար Վարդանյանը հանդիպման ավարտին նշել է, որ հանձնաժողովն իր իրավասության շրջանակում հետամուտ կլինի բարձրացված խնդիրների լուծմանը եւ կներկայացնի առաջարկներ՝ միտված ոլորտի բարեփոխմանը: