ԱՅԺՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 27 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարտուն Գրիգորյանին հնարավորություն է տրվել մասնակցելու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստերին: Այսպիսով խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների թիվը դարձավ 27:
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստին Մարտուն Գրիգորյանը նշել է, որ իրեն հոգեհարազատ են ԲՀԿ գաղափարախոսությունը և գործունեությունը, այսուհետև Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումները համահունչ են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը:
Մարտուն Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 10-ին, 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկերի ֆակուլտետը: Մարտուն Գրիգորյանը 2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: 2007 թվականի մայիսի 12-ին Մարտուն Գրիգորյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համար 34 ընտրատարածքից: Մարտուն Գրիգորյանն ամուսնացած է, ունի 3 երեխա: