Ադրբեջանը պիտի ճանաչվի ռազմական հանցագործ եւ դուրս մնա Եվրոպայի խորհրդից․ Նաիրա Զոհրաբյան

04/14/2016

Ապրիլի 18-26-ը Ստրասբուրգում  ԵԽԽՎ գարնանային  նստաշրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմի հարցը ներկայացվելու է երեք ձեւակերպմամբ՝ Ֆրանսիացի պատգամավորի, ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների  կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ 

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հարցը վերնագրել է  «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան»  ձեւակերպմամբ, ադրբեջանական պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիա»  վերնագրով եւ հայկական պատվիրակությունը՝ «Ռազմական հանցագործություններ, որոնք կատարել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հանդեպ»։

«Մենք քանիցս ասել ենք՝ ԵԽԽՎ-ն Եվրոպայի պառլամենտ չէ, ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է մի կառույցի, որն աշխատում է Միլի Մեջլիսի  ռեժիմով։ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, երբ որ Թալիշում խոշտանգվում էր խաղաղ ընտանիք, տեղյակ լինելով այդ փաստերին՝ խայտառակ հայտարարություն արեց։ Պարզ է, որ նա ոչ միայն թուրք-ադրբեջանական պատվիրակության, այլեւ եվրոպացի իր համախոհների միջոցով փորձելու է այլ ընթացքով տանել հարցի քննարկումը»մ-նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ անհերքելի փաստեր կան, որոնք հաստատում են, որ  Ադրբեջանն է խախտել Եվրոպայի խորհրդին անդամակցության պարտավորությունները. «Այդ երկիրը պիտի ճանաչվի ռազմական հանցագործ եւ դուրս մնա Եվրոպայի խորհրդից եւ ռազմական հանցագործության համար կրի պատասխանատվություն»։

Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը միջազգային կառույցում ուժերը  պետք է կենտրոնացնի Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ապացուցելու  եւ այդ փաստերով նրան Եվրոպայի խորհրդի անդամակցությունից զրկելու վրա։

«Մեր ուժերը պիտի կենտրոնացնենք մի բանի վրա, որ հաշվի առնելով ադրբեջանցիների վայրագությունները, խաղաղ բնակիչներին սպանելու ու խոշտանգելու, զինվորների դիերը խոշտանգելու  փաստերը: Եթե միջազգային հանրությունը միտումնավոր կերպով չարհամարհի ներկայացված անհերքելի ապացույցները, Ադրբեջանը պիտի ճանաչվի ռազմական հանցագործ ու դուրս մնա Եվրոպայի խորհրդից։ 

Նշենք, որ երեք ձեւակերպմամբ ներկայացված հարցերը ընթացիկ ձեւաչափով  են քննարկվելու, ինչը նշանակում է, որ որեւէ բանաձեւ չի ընդունվելու։ Ընդամենը կլինեն ելույթներ,  որից օրեր անց  բյուրոն կորոշի արժե արդյոք  երեք հարցերից մեկը վերածել զեկույցի, թե ոչ։  Կարծիքներ կան, որ  ընթացիկ քննարկման համար ամենայն հավանականությամբ կընտրվի ֆրանսիացի պատգամավորի ներկայացրած հարցը։