«Պաշտոնյաների ու օլիգարխների հաբռգած լակոտների համար տուգանքները պետք է կրկնահազարապատկվեն». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությունների նախաձեռնած կարմիր գծերի «պետականացումը», օդանավակայանի ծառայությունների, գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը համարում է նախընտրական քայլ, նրա համոզմամբ, իշխանությունը կարող էր այդ բարեփոխումներն ավելի վաղ իրագործել, պարզապես դրա համար չկար քաղաքական նպատակահարմարություն: «Իհարկե, հնարավոր էր ավելի վաղ անել, արդյոք սա նախընտրական քայլ է, իհարկե՝ նախընտրական քայլ է: Բայց ինձ համար միեւնույն է, ուզում է լինի նախընտրական, ուզում է այդ քայլերի վրա գրեն Հանրապետական կուսակցության անվան կարմի գծերի վերացում կամ արագաչափերի բյուջե, եթե դրանից օգտվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինձ համար բացարձակ նշանակություն չունի իրենց մոտիվացիան: Ես հասկանում եմ, որ մոտիվացիայի մեջ նախընտրական կոդեր, ուղերձներ կան: Բա այս տարիների ընթացքում, որ ասում էինք՝ բացահայտ թալան ու կողոպուտ է, որ ասում էինք տուգանքներն անհամաչափ են մեր քաղաքացիների աշխատավարձերին ու ոչ միայն անհամաչափ են, այլեւ անտրամաբանական են, այն ժամանակ ինչո՞ւ այդ քայլերը չարվեցին, չարվեցին, որովհետեւ երեւի թե դրա քաղաքական նպատակահարմարությունը չկար»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդը: Տիկին Զոհրաբյանն առաջարկում է կարմիր գծերից ստացված գումարները ոչ միայն ուղղել պետբյուջե, այլեւ ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը. «Օրինակ, եվրոպական երկրներում երեկոյան ժամը վեցից՝ աշխատանքային ժամի ավարտից հետո կարմիր գծերը իրենց գործառույթային նշանակությունը կորցնում են, մարդիկ կարող են կայանել այդտեղ: Բացի դրանից, մեր երկրում այդ արագաչափերի տուգանքները ուղղակի թալան են, կրկնում եմ՝ տուգանքների չափերը անհամաչափ են քաղաքացիների եկամուտներին, տուգանքները պետք է մի քանի անգամ նվազեցվեն: Ես կողմ եմ, որ հաբռգած լակոտներին, որոնք սովորաբար պաշտոնյաների ու օլիգարխների լակոտներն են, նրանց համար տուգանքները կրկնահազարապատկվեն, բայց երբ գյուղից եկած տաքսու վարորդին, որը քաղաք է եկել իր հանապազօր հացը վաստակելու ու մեր խայտառակ երթեւեկության պատճառով հաճախորդին վերցնելու համար մեկ վայրկյան ստիպված է կայանել երկրորդ գծում ու դրա համար տուգանվի, ուղղակի անարդար է»:
http://www.aravot.am/2016/11/07/824213/