«Նաիրիտի» հարցը մի գլորեք քառօրյայից քառօրյա. Նաիրա Զոհրաբյանի հորդորը
«Նաիրիտ» գործարանի հարցը պետք է հստակ լուծում ստանա, չի կարելի ձգձգել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Նաիրիտ» գործարանի փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծին: Ես տեղեկացա, որ այս քառօրյայում այս նախագիծը հնարավոր է՝ չքննարկվի: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է եւ քառօրյայից քառօրյա գլորելը, չեմ կարծում՝ ճիշտ մոտեցում է: Այս հարցը պետք է քննարկվի եւ վերջնական լուծում տրվի՝ կամ այս կամ կամ այն կողմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը հստակ մեխանիզմներ է առաջարկել հարցին լուծում տալու համար:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես հորդորեց արագ հարցը քննարկել, քանի որ իրենք այնպիսի մեխանիզմներ են առաջարկում, որոնք կօգնեն ներդրողներ գտնել:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել էր, որ «Նաիրիտի» վերագործարկման հարցը կառավարության ծրագրում չի ընդգրկվել, քանի որ առարկայական որեւէ առաջարկ չկա։