«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՍԱՏԱՐԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Միավորված աշխատանքային կուսակցության» 8-րդ հերթական համագումարը: Գուրգեն Արսենյանը միաձայն վերընտրվեց ՄԱԿ-ի նախագահի պաշտոնում:
Համագումարի երկրորդ հատվածում, երբ ՄԱԿ-ը պետք է հայտարարեր 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ, աշխատանքներին միացան նաև ԲՀԿ ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
ՄԱԿ-ի նախագահը հայտարարեց, որ, քաղաքական դաշտի ուսումնասիրությունների արդյունքում, որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հանդես գալ միասնական ցուցակով: Որոշումն ընդունվեց միաձայն և բուռն ծափողջույններով:
«ՄԱԿ-ի նպատակները, արժեքային, բարոյական համակարգը և սկզբունքները առավել համահունչ են ԲՀԿ ծրագրերին և մոտեցումներին: Միավորելով մեր ջանքերը՝ կունենանք ավելի լավ և բարեկեցիկ Հայաստան»,- իր ելույթում, մասնավորապես, նշեց Գուրգեն Արսենյանը:
Ողջունելով համագումարի պատվիրակներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց նման բարձր գնահատականի և վստահության համար:
«Ողջունում եմ ԲՀԿ-ին սատարելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական մասնակցելու ձեր որոշումը: Համոզված ենք, որ ընտրություններին միասնական մասնակցելով կարող ենք կյանքի կոչել մեր նպատակներն ու ծրագրերը, որ ունենանք հզոր, բարեկեցիկ և բարգավաճ երկիր: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն ունի իր ծրագիրը: Մեր խոսքը գործ է, և ծրագիրը համահունչ է մեր խոսքին: Պետք է կարողանանք այն իրագործել և կյանքի կոչել: Հանրության կողմից վստահությունը և հարգանքը կա, կան սպասելիքներ: Միասնական աշխատանքի շնորհիվ պետք է ոչ միայն պահենք, պահպանենք այդ վստահությունը և հավատքը, այլ նաև կրկնապատկենք: Խորհրդարանական ընտրություններից է կախված, թե առաջիկա տարիներին Հայաստանն ի՞նչ տնտեսություն կունենա, առաջիկայում ի՞նչ կառավարություն կձևավորենք մենք: Դրա համար անհրաժեշտ է, որ միասնական կարողանանք ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ: Ժողովուրդը պետք է իմանա, որ իր քվեն պարտադիր է, որ մենք պահելու ենք այդ ձայնը, տեր ենք կանգնելու և’ ձայնի, և’ մեր, մեր երեխաների ապագայի համար»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: